Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


— Ոսկորը պնդացել ա, էլ ծռվիլ չի,— մտածեց Գալուստը Ռուստամ ապոր մասին, փափախը հանեց, սրբեց ճակատի քրտինքը։ Միտն եկավ Ռուստամ ապոր խոսքը, թե՝ «աքինչի օլ, բիլանջի օլմա» (ռանչպար եղիր, գիտուն մի՛ լինիր), միտն եկավ և ծիծաղեց բեղի տակ։

5

Գալուստը քաղաքում ամեն ինչ իմացավ՝ գյուղին և իրեն հետաքրքրող հարցերի մասին։

Բանկը խոստացավ վարկով փող ու գործիքներ տալ, եթե նրանք արտել կազմեն և յուղի ու պանրի գործարան հիմնեն։ Գործարանի շենքի համար խոստացան հազար ռուբլի բաց թողնել և, դրանից բացի, այդքան գումարի էլ մեքենաներ ու գործիքներ։ Տված վարկը բանկը հետ պիտի ստանա 2—3 տարվա ընթացքում, որից հետո գործարանը յուր սարք ու կարգով կպատկանի գյուղի արտելին։

Գալուստը գյուղ տանելու համար վերցրեց արտելի կանոնադրությունը։

Նա գնաց նաև գյուղատնտեսական պահեստը, տեսավ սերզատ, յուղհան և ուրիշ մեքենաներ, ամեն տեսակի սերմեր ու ծանոթացավ դրանց գների հետ։

Բայց այդ օրը Գալուստի համար ամենից կարևորն ու արտասովորն այն էր, որ ագրոնոմի խուրհուրգներով գնեց 2 փութ վիկ կոչված խոտի սերմից։

Եվ երբ եկած ճամփով Գալուստը գյուղ էր դառնում, նա ծանոթ սելվորին պատմում էր վիկի մասին։

— Անունը լսել էի, համա չէի տեսել։ Ասել էին ինձ, որ վիկը ցանովի խոտ ա, մեր սարերում առանց ջրի բսնում ա, շատ էլ խոտ ա տալի…

— Առել եմ երկու փութ, տանեմ, մի լավ հող ունեմ սարում, սերմեմ, տեսնենք՝ ի՛նչ ա նշանց տալի։ Թե որ լավ եղավ, եկող տարի շատ եմ ցանելու, գեղն էլ կսովորի ինձանից։

— Էդ ի՞նչ խոտ ա. էդ հո գտա՜ծ ա, որ առանց ջուր սարում բսնում ա։ Քանի՞ տարվա խոտ ա,—հարցրեց սելվորը։