Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Յոնջի նման չի, ամեն տարի պիտի սերմես։

— Սերմը ինքը տալիս ա՞:

— Կարելի ա, կտա,— պատասխանեց Գալուստը, և ինքն էլ կասկածեց։ Մոռացել էր ագրոնոմից հարցնի այդ մասին։

Սելվորը հետաքրքրվեց։ Գալուստը պարկը բաց արեց, վիկի սերմերը ցույց տվեց նրան։

— Էս հո մեր գյուլուլն ա,— ասաց սելվորը զարմացած։

— Հա, բայց սա լավ խոտ ա,— պատասխանեց Գալուստը։

Հետո խոսք ընկավ այն մասին, թե մեր սարերում, մեր դաշտերում ինչքա՜ն տեսակ-տեսակ բույսեր ու խոտեր կան, որ մենք դեռ չենք օգտվում, անպետք խոտ ենք համարում, այնինչ ուրիշ տեղեր, ուրիշ երկրներում ցանում են, սերմերը հավաքում, մեկից դեղ են շինում, մյուսից՝ մի ուրիշ բան։

— Մենք էլ տավար պահող ե՞նք,— ասեց Գալուստը սելվորին,— կովի լեզուն մենք ի՞նչ գիտենք։ Կեր չկա, որ ուտի, ձմեռը դարման ենք տալիս. սովածությունից խեղճ հայվանի կաթն էլ ցամաքում ա, կողքաճաղերը մին-մին կհամարես։ Սի կովը մի տուն կպահի, եթե լավ կարողանաս պահել։

Լսում էր սելվորը, եզներն օրորալեն քաշում էին սայլը, անիվները ճռճռում՝ էին։ Գալուստը պատմում էր իր տեսած կովերի մասին, կաթնատու, ամեն մինը մի տուն պահող։

— Խոտ չկա, ամենքի գլուխը խոտն ա։ Խոտ որ շատ ունենաս, կով շատ կպահես։ Շատ էլ չպահես, եղածին լավ կեր կտաս։ Հայվանն էլ որ ուտի, տեղը լավ լինի, լավ էլ օգուտ կտա…

Բայց սելվորի մտքինը վիկն էր։ Նա հարցրեց, թե օրավարում քա՛նի փութ են սերմում և ո՛նց են ցել անում վիկի համար։

— Մի հաշիվ ա, ցորենի հետ համեմատ ա, փութի տեղը մի փութ վիկ են շաղ տալիս, տափանում, մեկ էլ գալիս, հարում։

Ճանապարհը բարձրանում էր սարն ի վեր, իջնում, էլի բարձրանում։ Կամուրջին որ հասան, սայլը կանգնեց, Գալուստը