Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


պարկը շալակեց, որ կածանով բարձրանա դեպի գյուղը։

— Շեն մնաս,— ասաց նա սելվորին:

— Գալուստ, էդ վիկի մասին ինձ իմաց տուր. թե լավ բերք ստանաս, ես էլ եմ սերմելու։

Մութ էր, երբ Գալուստը պարկն ուսին տուն մտավ։

— էդ ի՞նչ ա պարկի մեջ,— հարցրեց մեծ տղան։

— Խոտի սերմ ա,— պատասխանեց Գալուստը,— Սանդ աղբյուրի գլխի օրավարում պիտի սերմեմ։

Հարցրեց, թե ջրե՞լ են կովը, դարման տվե՞լ են։

— Դարմանն էլ պրծնելու վրա յա,— ասաց կինը։

— Ոչինչ, մի ճար կանենք։

Գալուստը սաստիկ հոգնած էր՝ շորերը հանեց ու քնեց։

6

Առավոտյան եկան ընկեր ու հարևան, Գալուստը պատմեց, թե ի՛նչ են ասել քաղաքում արտելի մասին։

— Էդ հո հարմար պայման ա, մաշինեքը տալիս են, փող էլ կա, մենք էլ կաշխատենք էլի,— ասաց մեկը։

Խոսեցին, թե ե՜րբ ժողով անեն։

— Պետք ա շուտ անենք, հրես առաջներիս մայիս ա, թե որ հիմա չանենք, պետք ա մնա եկող տարի,— ասաց մեկը։

— Էդ շուտով գլուխ գալու բան չի։ Մինչև ժողով անես, մինչև հաստատեն, մաշինը բերես, տարին կանցնի։

Գալուստը լուռ լսում էր։ Շատ խոսեցին։ Երկու կողմ կար. մեկը հենց իսկույն էր ուզում, մյուսն էլ կասկածում էր, թե այդ գլուխ գալու բան է։

Բայց Գալուստի ասածը բոլորի համար էլ ընդունելի եղավ։

— Եկեք արտելը հիմի կազմենք, շենքի հոդս քաշենք, վարպետ ճարենք, գնանք մաշինեքը բերենք։ Էդ որ պատրաստ լինի, եկող գարունքին կաթը կհավաքենք, պանիր կանենք։

Վերջը Գալուստը ցույց տվեց քաղաքից բերած վիկի սերմը։