Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Մի տեսեք՝ ի՛նչ եմ բերել, սրա՛ն մտիկ արեք։ Էս էն վիկն ա հա՜, էն որ ձմեռը կազեթում գրած էր, ագրոնոմն էլ ասեք, թե անջուր տեղի խոտ ա, սար տեղերում լավ բերք ա տալի…

Հարց ու փորձ արին, սերմը տեսան, գինը հարցրին։

— Գալու՛ստ, բա հիմա ուշ չի՞, հրես ապրիլը վերջանում ա։

— Վնաս չունի, Սանդ աղբյուրի գլխին մի օրավար տեղ ունեմ. կտանեմ նրա վերի ծերին կսերմեմ։ Էնտեղ խոտը նոր ա կանաչում տեղը սար ա։

— Ռուստամ ապերը որ իմանա, էլի ասելու ա, թե Գալուստը օյին ա սարքում։

— Ասում ա, թող ասի։ Խոտը հարելիս ես նրան կասեմ։ Էս խոտն ա մեր գյուղը շինելու։

Մյուս օրը գութանը Սանդ աղբյուրի գլուխն էր վարում։ Գութանավորն էլ չէր հավատում. վարում էին և ծիծաղում Գալուստի վրա։

— Ժանգյալ խոտ ա, սերմը ժանգելու յա, մեր հողերը ապականի, էդ ի՛նչ ա, որ բերել ես։ Թողնեիր հողդ մի տարի էլ դինջանար, ցորեն ցանեիր,— ասաց մաճկալը։

— Կարկուտն էլ գա՜ր, ցորենս թակե՜ր կամ մուկը գար կրծե՜ր, մնայի սովա՛ծ։ Վարի՛, վարի՛, էդ ակոսն էլ ծրի, հե՛րիք ա, երկու փութ ա սերմս։

Եզներն արձակեցին, Գալուստն ինքը շաղ տվավ սերմը։ Լերկը տափանեցին՝ սերմը ծածկեցին հողով։

Գալուստը կածանով իջնում էր տուն ու միտք անում արածի մասին։ Պիտի բսնե՞ր վիկը, օգուտ պիտի տա՞ր, թե՞ պիտի չորանար, կորչեր։

Ինչքա՜ն պիտի խոսեին գյուղում այդ մասին, ինչե՜ր պիտի ասեր Ռուստամ ապերը Գալուստի երեսին, եթե վիկը չծլեր, բերք չտար…

Իսկ եթե ծլի՞, շա՜տ խոտ տա՞…

7

Աշխատանքի եռուն ժամանակն էր։ Ցանքը պրծել ու ցելի