Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևից էին ընկել։ Տավարը սար էին տանում։ Լուսաբացից մինչև իրիկուն մրջնոցի պես աշխատում էր գյուղը. մեկը սարում, մյուսը բոստանում կամ արտում։ Ցերեկով գյուղում միայն ծերերն էին մնում. նրանք էլ անգործ չէին նստում։ Հավաքվում էին պատի տակ կամ ծառի շվաքում նստում, որը թոռան տրեխն էր կարկատում, որը գերանդի էր սրում, որն էլ թազբեհը ձեռքին քաշում էր և անցած-գնացած օրերից պատմում։ Ծերերը լսում էին պատմությունը հին, մտաբերում օրերն անցած, արարքները ջահել, երբեմն էլ թառանչով ասում.

— Հե՜յ գիտի ջահելություն…

Գալուստն է՛լ էր աշխատում մյուսների նման՝ լուսաբացից մինչև իրիկուն։

Շաբաթը մի անգամ, երկու անգամ, պատահած ժամանակ է՛լ ավել Գալուստը բարձրանում էր Սանդ աղբյուրի գլուխը տեսնելու, թե ինչպես է ծլում, մեծանում վիկը։

Առաջին շաբաթը բան չերևաց. ծիլեր չկային։ Խո՞ր էր գցել, թե՞ ուրիշ պատճառ կար, վիկը չէր երևում։ Գալուստը միտք էր անում, գուցե սերմն է վատ, գուցե ինքն է սխալ արել։ Բայց երբ փորեց հողը և տռզած սերմերն ու սպիտակ ծիլը տեսավ հողի տակ, սիրտը լցվեց, ուրախացավ, սրտում էլ երևաց հույսը ծլի պես։

— Չէ՜, պիտի բսնի՜…

Մի շաբաթ հետո արտը կանաչին էր տալիս, սև հողը չէր երևում։ Գալուստն ուզեց անպետք խոտը քաղհան անի, որ վիկն ավելի լավ աճի, բայց միտն եկավ ագրոնոմ ի խոսքը.

— Վիկն ուրիշ ժանգյալ խոտերի խեղդում է, չի վախենում...

— Թող խեղդի, ձեռք չեմ տալու...

8

Միայն Գալուստը չէր հետաքրքրվում վիկով. ուրիշներն էլ էին գալիս նայելու։ Արտի կողքով մի կածան էր ընկած։ Անցնող դարձող էր լինում։ Հենց որ Գալուստի հողին էին հասնում, կանգնում էին, նայում։

— Էս ա, հա, Գալուստի օյինն ա…