Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրան պատմում Գալուստի վիկի մասին։ Մի օր էլ տավարածը սարից գալիս մի քիչ քաղեց, բերեց ցույց տալու։ Ռուստամ ապերն էլ նստած էր ժամի պատի տակ։ Աչքի տակով նայեց, շոշափեց։

— Հը՞, Ռուստամ ապեր, հիմա ի՞նչ ես ասում, տես ի՜նչ բոյ ունի է՜,— ասեց մեկը և ցողունը մեկնեց։

Ռուստամ ապերը նայեց ցորնաբոյ ցողունին, գլուխը թափահարեց։

— Էս խ՜ոտ, համա ի՞նչ անես, որ ապրանքն ուտելու չի,— ասաց նա բանիմաց մարդու նման։

Շատերը հավատացին, էլի կասկածեցին, գուցե ճիշտ է ասում Ռուստամ ապերը։ Երևի մի բան կա, որ խոտն այդքան բոյ է քաշել։ Հին խոսք է, թե պտղատու ծառը բոյով չի լինի։

Ռուստամ ապոր խոսքը Գալուստի ականջին հասավ։ Էլի պռոշը հուպ տվավ, բեղի տակ ծիծաղեց։

— Սպասի՛, Ռուստամ ապեր, էլի սպասի…

10

Գալուստը գիտեր, որ վիկը շուտ է հասնում։ Ցանելուց երկու ամիս հետո կամ թե մի տասը օր ավել, վիկն արդեն կարելի է հարել։ Նրան ասել են, որ հարկավոր է վիկը փափուկ ժամանակ հարել, որ ցողունը կոշտ չլինի։ Այդպես համ տավարն է ախորժակով ուտում, համ էլ ցողունն ու տերևները խուրձ կապելիս չեն ջարդվում, չեն փշրվում։

— Ափսոս, որ շուտ չեմ ցանել։ Հողը նոր տաքացած ժամանակը ցանած լինեի, հիմա արդեն խոտը հավաքած կլինեի։

Գալուստին ասել էին, որ երկու տեսակ վիկ կա, մեկը աշնանն են ցանում, մեկն էլ՝ գարնանը։ Գալուստի ցանածը գարնան վիկ էր։

— Մեկ էլ ոտս որ քաղաք ընկնի, էն մի տեսակից էլ պիտի բերեմ։ Իմ խելքով՝ աշնան վիկը մեզ ավելի ձեռնտու ա,— ասում էր Գալուստն իր ընկերներին, որոնցից մի քանիսն արդեն խոսք էին տվել եկող տարի վիկ ցանելու։