Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մեր օգուտի թշնամին ե՞նք,— ասում էին իրար,— եկել մեր դռանը չոքել ա, չվերցնե՜նք։

Գալուստը պատմում էր, որ լսելով՝ ուրիշ երկրներում վիկով հողերը պարարտացնում են։ Վիկը ցանում են, հենց որ բոյ է քաշում, ուզում է պառկի, վարում են վիկի տեղը, խոտը հողի տակովն անում, իրար խառնում։ Հողի մեջ վիկը փտում է և հողը պարարտացնում։

— Էդ հենց մեզ համար ա։ Փեյին չունենք, ճամփեքը դժվար, տեղներս սար, հողերը հեռու,— ասում էին նրանք։

— Թող մի եկամուտն իմանամ, եկող տարի էդ էլ եմ փորձելու,— ասում էր Գալուստը։

— Չէ, Գալուստ, դու դեռ շատ հունարներ ես նշանց տալու մեզ։

11

Մի օր էլ Գալուստը վիկը քաղեց։ Վիկն արդեն հասել էր` ներքի տերևները դեղնել էին։

Տոն էր Գալուստի համար, մեծ ուրախություն։ Արևը խանձում էր վերևից, ինչպես առաջ, երբ ծանոթ սելվորի հետ վերադառնում էր քաղաքից, պարկի մեջ վիկի սերմը։

Քրտնել էր Գալուստը, բայց գերանդին օձի պես սլլում էր վիկի դալար ցողունների մեջ։ Գերանդին պսպղում էր արևի տակ, վիկի փնջերը թափվում էին իրար վրա։

Մի շերտ որ հարեց, ծայրին հասավ, ետ նայեց ու բեղի տակ քմծիծաղ տվեց…

— Ռուստամ ապերն էստեղ լիներ, աչքով տեսներ…

Արևը խանձում էր վերևից։ Սանդ աղբյուրի գլխին բեզարած Գալուստը բաց արեց պաշարը, կերավ, աղբյուրի ջրից խմեց, էլի գնաց հարած խոտը տեսնելու։

Նրան թվաց, թե ինքն ամենից բախտավոր մարդն է աշխարհում, թե հիմա մի քիչ հեշտ է լինելու գյուղում ապրելը։

Առավոտն եկավ, հարածը մյուս երեսին դարձրեց, որ չորանա։ Արևը թեքվում էր, երբ նա սկսեց խուրձ կապել։

Ճամփով անցնող գյուղացիք այդ օրն ավելի շատ էին կանգնում Գալուստի արտի մոտ, կռանում, վիկի ցողուններին նայում։