Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի բեռ էլ բերելիս Գալուստի աչքով ընկավ Ռուստամ ապերը, որ ժամի պատի տակ նստած թազբեհ էր քաշում։ Միտն ընկավ Ռուստամ ապոր խոսքը։

— Էս խո՜տ… տեսնենք մեր տավարը կուտի՞…

Գալուստը նայեց Ռուստամ ապոր կողմը։ Պատի տակ նստոտած մարդիկ տեսան այդ, հասկացան, թե ի՛նչ է ուզում ասի Գալուստը։

— Ռուստամ ապեր, մեր հողը կընդունի՞, թե չէ,— հարցրեց Գալուստը ծիծաղելով։

Ռուստամ ապերը չպատասխանեց։ Նա դեռ երեկ էր լսել, որ Գալուստը հարյուր քսանութ խուրձ խոտ է հարել իր փոքրիկ տեղից։ Լսել էր և չէր հավատացել։ Բայց առավոտյան նա արդեն առաջին բեռն ու մեծ խուրձերը տեսել էր։

Հանկարծ պատի տակից մեկն ասեց.

- Չէ՛, չէ՛, էդ հավատալի ա. հիմա դու էն ասա, էդ վիկի խոտը ձին կուտի՞…

— Բերենք փորձենք,— վրա բերեց մի ջահել։

— Փորձենք։

— Ռուստամ ապոր ձին բերեք,— ասաց ջահելը։

Ռուստամ ապերն ուզեց սաստի, արգելի, բայց ամենը վրա տվին, հռհռացին, թե անպատճառ Ռուստամ ապոր ձին պիտի ուտի, որ հավատան։

Գալուստը բեռը վեր դրեց, բերեց մի խուրձ դրեց ճամփի մեջտեղը։

Ռուստամ ապոր ձին բերին։ Ձին մռութը մի կողմից կոխեց խուրձի մեջ և սկսեց ախորժակով ուտել։

— Ա՜, ոնց ա գելի պես ուտում է՜— ասաց մեկը։

— Ա՜յ քեզ խոտ…

Գալուստը խոտը բարձեց, գնաց։ Մի անգամ էլ ետ նայեց Ռուստամ ապոր կողմը, ծիծաղելով հարցրեց.

— Ռուստամ ապեր, կերա՞վ, թե՞ չէ՜…

Ռուստամ ապերը չպատասխանեց…

13

Իրիկունը Գալուստի կինը զարմանքով էր պատմում, թե ինչքա՜ն ծանր էին խուրձերը։ Նա էլ սկզբում չէր հավատացել։