Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձիերը քայլերը մի քիչ արագացնում էին, հետո էլի դանդաղում, կարծես նրանք էլ գիտեին, որ այդ դժգոհությունը հարկավոր է մի քիչ գոհացնել և հետո էլի առաջվա ընթացքով շարժվել։

Մեկ էլ ճամփի կեսին կանգնում էր.

— Արի՛ նստի, արի՛, ոտով մի գնա,— կասեր Գևոն ոտով գնացող մի ճամփորդի։

Դրոգում նստողները լսում էին նրանց սակարկությունը։

— Տո՛, ի՜նչ կտաս տուր է՛, ես քեզ հըմար եմ ասում, ոտքով չգնաս…

Հետո ճամփորդը մի կերպ սողոսկում էր դրոգի մեջ, նստողները սեղմվում էին նորեկին տեղ տալու։ Եթե մեկը բողոքեր, Գևոն էլի իրենն էր ասում.

— Բա հո ճամփին չեմ թողնելու… խղճով բան ասա, խղճով…

Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ այդ խիղճը քսան կոպեկից ավելի չարժեր, քանի որ նրանց սակարկությունը այդ գնի վրա էր հանգել։

Պատահում էր, որ Գևոն ճանապարհին մի ուրիշին էլ էր տեղավորում դրոգում։ Դրոգը մի քիչ ավելի էր ծանրանում, դարով բարձրանալիս մի քանիսը պիտի իջնեին, որ ձիերը կարողանային քաշել. իր բարձունքից Գևոն ավելի սաստիկ էր մտրակում ձիերին, որոնք մեջքները մտրակի ամեն մի հարվածից ծռմռատում էին, ոտքերով դոփում խճած ուղին, լայնացնում ռունգերը, որովհետև փուքսի նման բաց ու խուփ անող թոքերը վերելքում ավելի շատ օդի կարիք ունեին։

Ճամփին մի տեղ Գևոն անպատճառ պիտի հանգստանար։

Դրոգը քշում էր ծառի շվաքի տակ, դարմանով լի պարկեր կախում ձիերի վզից, էնքր մեկնվում շվաքում։

Բայց միշտ այդպես չէր անում։ Շվաքում պառկելը կախված էր նրա գրպանի արծաթից։ Եթե գրպանում զնգար թեկուզ մի արծաթ, Գևոն շվաքում պառկելու տեղ՝

— Հրես կգամ,— էր ասում և դիմացի տան դուռը բաց անում։

Դրոգում նստողներից մեկը կամ երկուսը, որ ավելի