Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անհամբեր էին, պիտի գնային, նրան կանչեին, Գևոն դուրս էր գալիս, քիթն ավելի կարմրած։ Երեսը փոշոտ էր, միայն շրթունքներն էին թաց։

— Հասանք հա,— կասեր, դարմանի պարկերը կհաներ ձիու գլխից,— ինձ էլ հո չեք ուտելու, անիրավներ,— ձիերին կասեր, և լախտի պես մտրակը էլի կապույտ հետք կթողներ ձիերի փոշոտ մեջքին։

Դրոգը գռռալով գլորվում էր փոշոտ ճամփով, ճամփորդները շոգից թուլացած, գլուխ գլխի, օրորվում էին դրոգում, ասես ամենքն էլ՝ Գևոն, դրոգը, ձիերը և ճամփորդները թունդ հարբած էին։

Վայ թե հանկարծ մի կառապան անցներ Գևոյի ծանոթներից և ծաղրանքով կանչեր.

— Ուստա Գևո, քշի է՜, քշի մեռելի ղութին…

Եթե ասեր, Գևոն պիտի ցատկեր նստած տեղից, իրեն քաշեր սանձերը և սուր, յուրահատուկ մի հայհոյանք շպրտեր հեռացող կառքի ետևից։

— Մեռելիդ ականջը…

Զայրույթը ձիերի վրա պիտի թափեր։

— Ի՞նչ եք սատկածի քաշում։ Գարին ուտելիս ախոռն էլ հետն եք կրծում, գնալիս կասես մերած մածուն եք տանում:

Ձիերն էլի տնքում էին։ Եթե նրանք գարի ուտելիս ախոռն էլ հետն էին կրծում (իսկ այդ ճիշտ էր), գարին քիչ լինելուց էր և եթե դրոգում ճամփորդների տեղը մերած մածունով լի կճուճներ լինեին, վաղուց արդեն մածունը յուղ դարձած կլիներ։

Երբ հասնում էին այգիներին, Գևոն ավելի հաճախ էր մտրակում ձիերին, հոգնած ձիերը վերջին ուժն էին տալիս, քայլերն արագացնում։ Դրոգը շարժվում էր, ցնցվում։ Նստողներին մերթ այնպես էր թվում, թե գետինն է ժաժ գալիս, որովհետև անհասկանալի էր, թե ինչու հարթ խճուղու վրա էլ այդպիսի ցնցումներով է գլորվում դրոգը։ Այդ գաղտնիքը միայն ռեսոր շինող Մեխակի արհեստանոցում կարելի էր պարզել:

Դրոգը՝ կտուրին բարձած կողովներ, կապոցներ, սնդուկներ, մեջը լի ճամփորդներ, որոնցից ոմանք կես կանգնել