Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին, կես կախվել դրոգի երկաթե ճաղերից,— երբ դրոգը վերջապես տեղ էր հասնում, ճամփորդներն իջնում էին, կապոցները շալակին ցրվում,— Գևոն դրոգը քշում էր խանի դռնով ներս, դարմանով լիք պարկերը էլի կախում էր ձիերի վզից, ինքը մոտակա խանութը գնում։

— Օ՜հ, մեռանք էս շոգից…

Մի երկու բաժակ խմելուց հետո, երբ քիթը կարմրին էր տալիս հասած պամիդորի նման, գլուխը պտտվում էր, սեղանները, գինու դատարկ շշերը, մարդիկ, բաժակները պտույտ էին գալիս, օրորվում,— Գևոյին թվում էր, թե միկիտանն էլ մի դրոգ է, օրորվող, ռեսորները ջարդված դրոգ։

2

Սովորաբար Գևոն քաղաքում գիշերում էր։ Եվ գիշերելու պատճառը ոչ միայն հարբած, պատեպատ ընկնելով խան վերադառնալն էր, այլև առավոտ կանուխ դրոգի կոտրված մասը նորոգելու անհրաժեշտությունը։ Իսկ դրոգը հաճախ կարիք ուներ նորոգման, որովհետև ամեն անգամ կամ մեխ էր դուրս ընկնում, կամ ռեսորներին փաթաթած երկաթ լարերն էին բացվում։

Առավոտ կանուխ Գևոն գնում էր ձիերին նայելու։

— Հը՞, կերա՛ք, ես գիտեմ, ինձ էլ եք ուտելու մի օր։

Բայց նրա դժգոհությունն անհիմն էր, քանի որ եթե գիշերը հարբած չլիներ և նայեր ձիերին, կտեսներ, որ կերը երեկոյան է վերջացել։ Գիշերվա ընթացքում ձիերին մնում էր լսել, թե ինչպես կողքի կապած ձիերն ատամների տակ գարի են խռթացնում, կրծել ախոռի տախտակները կամ իրար վիզ քորել։ Եվ երբ Գևոն առավոտյան էլի մի քիչ դարման ու գարի էր տալիս, ձիերն ագահությամբ վրա էին պրծնում։

Մինչև ձիերը դարմանն ու գարին ուտեին, Գևոն դրոգից հանում էր փայտե մի մեծ արկղ, մեջը ժանգոտած երկաթեղեն, ծայրը ծուռ մեխեր, կոտրած նալեր, երկաթ լարեր և սկսում դրոգի պակաս տեղերը շինել։

— Հասնեմ թե չէ, Մեխակին եմ տալու մի լավ սարքի-լաք քսի,— ասում էր նա դրոգին մի երկու մեխ զարկելուց, կոտրած մասերը մի կերպ իրար անելուց հետո։