Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ամեն անգամ նորոգելիս Գևոն այդ խոսքն էր ասում, բայց տարիներն անցնում էին, դրոգը ձեռքից ընկնում էր, ձիերը պառավում էին, Գևոյի շորերի կարկատանը կարկատանի վրա էր նստում, անցնող տարիները հազիվ գինի և արաղ էին հասցնում առավոտ-իրիկուն։

Հետո դրոգն էլի գոռալով խանի դարպասից դուրս էր գալիս, կանգնում հրապարակում։ Այստեղ Գևոն սովորություն չուներ փողոցներում ման գալու։ Նա բավականանում էր միայն մերթ ընդ մերթ կանչելով։

— Մի հոգի, վռազ էթացող…

Հրապարակում ուրիշ կառքեր էլ էին կանգնում։ Մի անգամ Գևոն փորձել էր նրանց շարքը մտնելու, բայց կառապանները հարահրոցով, ծաղր ու ծիծաղով նրան շարքից դուրս էին արել։

— Քաշի է՜, մեզ խայտառակ ես անելու,— ասել էին։

— Քաշի է՜, էդ հո բոստանի դագա յա, դրոգդ տար բոստանում դիր, մտի տակը։ Հլա ձիերին մտիկ։

— Ի՞նչ պակաս են, դու գիտես բանը շատ գարի ուտե՞լն ա, դու գնալն ասա։

Գևոն առաջ էլ էր այդպես ասել, բայց հետո ինքն էլ էր համոզվել, որ ձիերը պակաս են, լղար ու պառավ։ Գևոյի ձիերը…Անասնաբույժը հազար ու մի հիվանդություն, ուռուցք, քերվածք ու կապտած տեղեր կգտներ նրանց մաշկին, մեջքի վրա, ականջի մոտերքը քոս, պոչի մազերը նոսրացած, կողքի ոսկորները դուրս ցցված, մի ոտը նալած, մյուսը առանց նալ, սմբակները ճեղքած ու ճաքած։

Գևոն էլ նրանց շարքում չէր, կանգնում էր հրապարակի անկյունում, էժանը փնտրող մի քանի աղքատ ուղևորներ գտնում և դեպի տուն ուղևորվում նույն ճամփով, նույն առուներով դրոգը ցնցելով, ձիերին մտրակելով, հնարովի պատմություններ ասելով, մինչև իրիկնադեմին հասնում էր տուն։

***

Նրա ստացած արծաթից էր կախված այն տրամադրությունը, որ ցույց էր տալիս կնոջ և երեխաների հանդեպ։ Եթե