Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ տարիներ հետո, երր սպիտակած մազ ուներ, Անդրին համաձայնվում է ամուսնանալ, լսելով Տեր Նորընծայի հորդորը, բայց ավելի շուտ Ավան ամու թախանձանքը և կնության է առնում Ջրիկ գյուղից որբևայրի Եղսանին, որից և ծնվում է Բարիկոն։

Ջաղացն Անդրու համար կենտրոն էր, ուր ամեն ինչ կարելի էր իմանալ։ Բերում էին աղալու ցորեն, գարի, գալիս էին մոտակա գյուղերից հայ, թուրք։ Բազմաթիվ ճանանչ ուներ և բոլորի տան ու տեղին, ունեցվածքին, նրանց հետ պատահածին նա տեղյակ էր։ Բերած աղունից 10 նա գիտեր, թե բերքն ինչպես է։ Երբ նոր ցորենի բեռներն իջեցնում էին, ջաղացպանը մոտենում էր, ձեռը կոխում պարկի մեջ, ապա բուռը մոտեցնում աչքերին։ Ցորենի ձևը, մաքրությունը, լղարակն ու տռուզը, բարակ փոշին, որ նստում էր ձեռքին,- բոլորը մի-մի նշան էին, որից նա հասկանում էր, թե տարին ինչպես է անցել, ինչ հողումն է ցանած և ինչից է, որ ցորենի հատիկը մեծ է, բայց մեջը փուչ։ Աղքատին և հարուստին նա գիտեր ջոկել ոչ միայն պարկերից, հագուստից, ձիերի և ջորիների սարքից, այլև ցորենից։ Հարյուր միանման պարկ եթե կողք-կողքի 20 շարեին, նա կճանաչեր այն պարկը, որի մեջ էր Դերվիշ Հյուսեյնի ցորենը։ Դերվիշը Զեյթա գյուղից էր։ Նա ոչինչ չէր ցանում, նրա պարկինը հարյուր կալից մի-մի գուշով էր հավաքված։

Մարդը շատ լինելուց, զրույցն էլ հետաքրքիր էր անցնում։ Եթե լուսնկա և զով գիշեր էր, նստում էին ջաղացի դռանը, ընկուզենու տակ։ Երբեմն կրակ էին անում և փոքրիկ թոնրի մեջ ջրաղացի անալի բլիթներ թխում, նոր աղած և դեռ տաք ալյուրից։ Զրույցն ավելի հետաքրքիր էր դառնում, երբ եկողների մեջ լինում էին այնպիսի մարդիկ, որոնց հետ դեռ անցյալ տարի ու դեռ ավելի առաջ ջաղացպանը վեճի էր բռնվել։ Նա հիշում 30 էր ում հետ ինչ խոսակցություն է ունեցել։ Զեյթա գյուղի մոլլայի հետ քանի անգամ էր վեճի նստել ու նրան նեղը գցել, համոզելով, որ Աստված ամեն բանի մեջ կա, նույնիսկ ծառի փչակում։ Մոլլան երկյուղում էր, երբ ջաղացպանը մատը մեկնում էր ծառի փչակին։ Եթե Դերվիշ Հյուսեյնը գար, Անդրին նրան կամուրջի մոտ տեսնելուց նույնիսկ առաջ էր վազում, թևից բռնած բերում, նստացնում քեֆ-հալ հարցնում։