Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ասում ջաղացպանը, որ արքայությունը գնաց, և մարդուն միայն Տերը բաժին է պահել կուպրի վառվող կարասներ։

Կարմրաքարի ծխատեր քահանան մտածում էր իր հոտի մասին, սրտանց ուզում էր դարման գտնի, մտածում էր երկար, բայց տիրուհին վրա էր հասնում, մտքերը խանգարում։

- Ճրագում նավթ չկա, վե՛ր կաց հացդ կեր։

Տերտերը մոտենում էր սեղանին և՛ ուրախ, որ ազատվեց հոգսից, և՛ չարացած, որ նավթ չեն լցրել ճրագի մեջ, ու տիրուհին ասեղի ծայրով պիտի պատրույգը բարձրացնի։ Երբ հոգնածությունը հաղթում էր, կոպերը ծանրանում էին, 10 մոտենում էր անկողնուն, գիշերվա աղոթքը համառոտ ասում և հանգստանում այն մտքի վրա՝ թե «Հող էիր և անդրեն․․․»։

Կարմրաքարում կար և՛ Ավան ամի, և՛ Ունան, և՛ ջաղացպան Անդրի։ Հող ունեցողը վարում էր, ցանում, հնձում։ Տարվա չորս եղանակները անիվի պես դառնում էին, և ամեն մեկն իր հետ բերում էր ցավ, ուրախություն, աշխատանք։ Ծնվում էին, մեռնում։ Գյուղի գլխի գերեզմանատանը նոր հողաբլուրներ էին ավելանում, մի կողմից էլ Այրումի առուն էր հին գերեզմանատունը քանդում, ոսկորները բերանն առած, ո՜վ գիտե որ քարի տակ պահ տալիս։ Անտառը տարեցտարի փեշերը 20 քաշում էր, գյուղից ավելի հեռանում, և սարերի ստորոտները մերկանում էին... Ձորերում կամ անմատչելի առապարների վրա սակավաթիվ ծառեր դեռ մնում էին, որպես ցնցոտիներ, սարի մերկ սրունքները ծածկելու։ Ոմանք հարստանում էին, ոմանք աղքատանում։ Հարստացողը մի աչք ավել էր տուն շինում կամ մի կտոր հող առնում, զույգ եզը դարձնում երկու-երեք, ընկնում էին, բարձրանում։ Մեկը մյուսին ոտնատակ էր տալիս։ Կռվում էին, գլուխ ջարդում, պատահում էր, որ մարդ էին սպանում։ Ոմանք ուրիշ քաղաքներ էին գնում վաստակի և այդ վաստակը, որպես հնչուն արծաթ, 30 քանդում էր, խարխլում այն, ինչ սպասում էր թեթև շնչի՝ փլչելու համար։ Ավան ամին էլ էր տեսնում, որ Կարմրաքարը փոխվել է։ Նա հիշում էր այն, ինչ եղել է և համեմատում էր առօրյայի հետ։ Նրա համար պարզ էր այն ճանապարհը, որով Կարմրաքարը եկել էր և հասել այդ առօրյային։

Ի՞նչ էր այդ հինը... Սամավար չկար, մարդիկ չգիտեին,