Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Թե տունը և թե մնացած շինությունները Խոջա Հիբանի օրոք էլ կային։

Իսկ ավելի առաջ նրանք ապրում էին ներքի տանը, որի ծխից սևացած օճորքի հաստ գերանները այն ծառերից էին, որ հենց այդ բլրակի գլխին էլ բուսել էին և կտրված էին այն ժամանակ, երբ «հագարացու աշխարհից» եկել էին Կարմրաքարի նախահայրերը։ Հիբանն էր կառուցել երկրորդ հարկը սրբատաշ քարերից, նեղլիկ ու փոքր պատուհաններով երեք սենյակ, որոնցից մեկը՝ ամենափոքրը, պատուհան էլ չուներ, և 10 ցերեկով կիսամութ էր ներսում։

Այդ սենյակում էր պահում Խոջան իր ունեցածը գորգերի ու խալիների կույտը, արծաթեղենը, կնոջ զարդեր, թանկագին մորթիներ, մի խոսքով այն ամենը, որի մասին գյուղում առասպելներ էին պատմում։ Այդ սենյակումն էր և պղնձե մեծ սամավարը, որ Հիբանի օրոք Կարմրաքարում նորություն էր եղել և հարստության նշան։ Երբ թեյի գործածությունը շատերին ծանոթ չէր, Խոջա Հիբանը տուն եկող հյուրերին ցույց է 20 տվել մեծ ու անճոռնի սամավարը և բացատրել, թե ջուրը որտեղ են լցնում, ծորակն ինչու համար է... Նրա կենդանության ժամանակ սամավարը երբեք չէին գործածել։ Ու միայն թաղումից հետո, երբ պատվավոր հյուրերի համար վերին հարկում սեղան էին բաց արել, Մկրտումի կինը առաջին անգամ սամավարի գլուխը բաց է անում։ Բաց է անում և կանչում ամուսնուն․․․ Սամավարը մինչև ունկները լիքն էր արծաթե փայլուն աբասիներով։

Խոջա Հիբանը այդ սենյակումն էր պահում փոքրիկ, գունավոր թիթեղներով պատած սնդուկը, որի մեջ էին սանադները։ Երբ մեկը ներս էր մտնում և հասկացնում, որ եկել է պարտքը տալու, Խոջան սիրալիր ժպտում էր, տեղից վեր 30 կենում ու կանչում Մկրտումին։ Սարսափելի էր այդ ձայնը։ Եթե փողոցով անցնողը լսում էր Հիբանի ձայնը, քայլերն արագացնում էր և միտք անում, թե ում վրա է չարացել Խոջան: Մեկն ու մեկը բարձրանում էր սանդուղքով, Մկրտումը ներքի տան պատուհանից տեսնում էր նրան, հետևից գնում և դռան մոտ սպասում։ Երբեմն էլ նա հյուրերի հետ ներս էր մտնում։ Հայրը բարձր չէր կանչում, այլ քթի տակ խոսում էր,