Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տուն գալուց (նա գնացել էր կամրջի մոտ ուղտապաններից բուրդ առնելու)՝ լսել էր զուռնայի ձայն, կամացուկ մոտեցել էր ձայնի վրա և տեսել, որ նվագողը որդին է՝ Մկրտումը, տաս-տասներկու տարեկան տղան։ Հայրը զայրացել էր, ձեռքի գրվանքանոցը շպրտել որդու վրա։ Երկաթը կպել էր ճակատի անկյունին և ոսկորը ճեղքել։ Վրա է վազել մայրը և արնակոլոլ որդուն ազատել գազազած հոր ձեռքից։ Այդ գիշեր Հիբանը ծեծել է և կնոջը։

- Էս լակոտն ինձանից չի... Ուրիշից ես բերել, շա′ն աղջիկ, իմ ցեղում զուռնա ածող չի եղել։

Մայրը գրկում է վիրավոր երեխային և կես գիշերին գնում ծնողների մոտ։ Սակայն Հիբանի ահից ծնողները չեն համաձայնվում նրան տեղ տալու, և մյուս առավոտ նորից վերադառնում է ամուսնու հարկի տակ։ ճշմարիտ է, այդ դեպքից հետո Հիբանը քիչ մեղմանում է, նա հիվանդի համար նույնիսկ քաղաքից մրգեղեն է առնում, բայց հենց երեխան առողջանում է թե չէ, ձեռքերն իրար զարկելով կնոջը հայտարարում է, որ Մկրտումի ոսկորն իրենից է և շարունակում է մի անգամ բռնած ճանապարհը։

20 Հիբանի կինն ավելի կանուխ է մահանում։ Վերջին տարիներում պառավը չորացել, մնացել էր կաշին ու ոսկորը։ Կնոջ մահն ազդել էր նրա վրա։ Ճիշտ է, նա առաջվա պես ագահ էր և խիստ, բայց ավելի էր մռայլ, հաճախ՝ դաժան։ Դարձյալ գիշերները զարթնեցնում էր, գործի ուղարկում։ Այս անգամ մի տեղ գնալուց, նա Մկրտումին իր հետ էր ման ածում և ճանապարհին խրատում, թե ինչպես պետք է իրեն պահի այսինչի մոտ, ո՞վ է Զրիկում ամենահարուստը, ինչի՞ց է նա երկյուղ կրում, ո՞վ է իրեն պարտ։

Այդ խոսակցությունը հաճելի էր Մկրտումին։ Նրա մեջ 20 զարթնում էր փոքրիկ գազանը, որի ճանկերը դեռ ոսկրացած չէին և որը սակայն ավելի ագահությամբ էր հարձակվում հոր կողմից հոշոտված որսի վրա։ Դրանից էր, որ նա ավելի համարձակ էր կարդում մուրհակը․ արագ գումարում, երբեմն փողը ստուգում։ Հիբանն աչքի տակով նայում էր, և ինքնագոհ ժպիտը մեղմացնում էր նրա դեմքի խոժոռ արտահայտությունը։