Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քանի ծորունիներ քչփչացել էին, որ հոգին ծանր է տալու, շատ պիտի տանջվի։

Բայց և այնպես գալիս էին նստոտում կարպետի վրա, զրուցում։ Զրույցն ընդհատվում էր, երբ ներսից լսվում էր հիվանդի ձայնը... Ոմանք աշխատում էին Մկրտումի աչքին երևալ։ Մի քանի կանայք, մանավանդ հարսի ազգականներից, ներս ու դուրս էին անում, ավլում, սրբում, կարպետի վրա նեղլիկ ներքնակ գցում, եթե եկողը գյուղի ազդեցիկ մարդկանցից էր։ Ոմանք առաջին անգամ էին տեսնում նրանց տունը 10 և օտարոտի հայացքով գիտում էին պատերը, օճորքը, պատից կախած գորգերը, գետնի լայն կարպետը։ Անկյունում նըստած երկու մարդ քսփսում էին, հազիվ լսելի ձայնով մեկը պատմում էր մյուսին, որ դիմացի պատից կախած ծաղկավոր կարպետը Զեյթա գյուղացի Աբասինն է, և Հիբանը վերցրել է այդ՝ տասը ռուբլու պարտքի դիմաց։

Երեկոյան հիվանդի դրությունն ավելի ծանրացավ։ Շնչառությունն ընդհատ էր. մերթ կորչում էր շունչը, հիվանդն աչքերը խփում էր, դեմքին և ոչ մի մազ, ոչ մի մկան չէր շարժվում,- մերթ խորանում էր, կրծքի վանդակն ուռչում... 20 Հիվանդը դեն էր գցում վերմակը, փորձում տեղում նստել, ինչ-որ բան էր ուզում ասել, բայց լեզուն կապ էր ընկնում։ Կողքին կանգնողներից ամեն մեկը իր կերպ էր հասկանում հիվանդի միտքը. մեկը բարձն էր ուղղում, մյուսը պատուհանն էր բաց անում, իսկ երրորդը պատվիրում էր ջուր տաքացնել։ Մկրտումը մեկ հորն էր մոտենում, մեկ դուրս գալիս, Եփրեմին, Գոգուն և ծառաներից հենց առաջին հանդիպողին կարգադրություններ անում, որից և ոչ մեկը հիվանդի առողջությանը չէր վերաբերում։ Սակայն բոլորն էլ գիտեին, որ ինչ էլ պատահի, կովերը պիտի կթեին, ոչխարը փարախն անեին, 30 ձին թիմարեին, շան տեղը փոխեին։

Վերջին հյուրը՝ Տեր նորընծան, բարի գիշեր ասաց, մի քանի խոսք էլ ավելացրեց այն մասին, թե հիվանդն ամուր է, հարվածը կանցնի և դեռ շատ տարիներ կապրի։ Մնացին մոտ ազգականները։ Կես գիշերին իրոք որ Հիբանն իրեն լավ զգաց։ Հայրը Եփրեմին հարցրեց, թե ձիուն ինչ խոտից են տվել։ Մկրտումը մեկ-մեկ թվում էր, թե ովքեր էին եկել։