Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ասում ես Առուստա՞մն էլ էր,- և հոնքերը կիտեց։ Առուստամը Ավան ամու հայրն էր։ Հիբանի և նրա մեջ հին և խուլ թշնամություն կար, չնայած դրան, Առուստամը մի քանի ծերունիների հորդորանքը լսելով, եկել էր իր թշնամու վերջին տեսությանը, բայց գալուց հայտնել էր, որ հիվանդի հետ չի խոսելու։

- Ո՞վ գիտե, ինչ էր մտածում... Մարդ է, հողեղեն է, չէ՞, Սանամ,- հարցրեց Հիբանը։- Երևի ուզում էր հաշտվի, հը՞․.. Թե եկել է, որ հետո ծիծաղի։ Հը՞, Սանամ, խոսի է՜... Ինչ ես պապանձվել։

- Հայրապե՜տ, չար ես մտածում... էն խեղճը ամենից շատ էր թառանչ քաշում։

- Հա′, լա′վ, լա′վ, ուրեմն մարդ է, խիղճ ունի... Վերջին դատաստանը միտն է բերել։- Ու մի քիչ հետո հարցրեց․

- Տեր Նորընծան գնա՞ց...

- Հա, կանչե՞մ,- ասաց Մկրտումը։

- Չէ, էնպես... Ուզում էի մի բան հարցնեմ։- Մի պահ էլ աչքերը ման ածեց, կարծես մեկին փնտրում էր, հետո կողքին դարձավ։ Սանամը մոտեցավ, թիկունքը ծածկեց ու Հիբանը 20 խոր քնեց։

Մյուսներն էլ ցրվեցին, ամեն մեկը մի սենյակում քնելու։ Միայն Սանամն ու հարսի մայրը կուչ եկան հարևան սենյակի անկյունում, ննջում էին և թերի թողած զրույցը շարունակում: Սանամը պատմում էր, որ եղբայրը առավոտ կանուխ կանչել էր իրեն և գանգատվել, թե գիշերը լավ չի քնել։

- Էն հարսն, ասում է, երազիս եկավ... Ծարավ էի։ Մեր էն մեծ գավաթով ջուր տվեց... Խռով գնաց, գավաթն էլ չառավ ձեռիցս... Ասում է, քանի՜ տարի է, երազումս նրան իսկի չէի տեսել։

30 Հարսի մայրը աչքերը լայն չռած իր կասկածն էր հայտնում այն մասին, թե երազը վատ է, նշանը՝ չար։

- Էլի գավաթն առներ... Փորձանքն առած կլիներ։ Լուսաբացին, երբ Սանամ հորքուրը հանկարծ զարթնում է և քունը գլխին վազում հիվանդի սենյակը, նա սարսափած ետ է կենում։ Գորգի վրա սպիտակահալավ նստած է լինում