Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մկրտումը ապառիկների մատյանն էր թերթում։ Եթե մի օր կորչեր Տեր Նորընծայի չափաբերական մատյանը, և քահանան ձեռքի տակ ոչինչ չունենար որոշելու համար, թե մի քանի տարի առաջ գյուղում ի՞նչ ծնունդ կամ մահ է պատահել,- հեշտ կլիներ պահանջած տեղեկությունը քաղել Մկրտումի «նիսիաների դավթարից», որի նեղ ու երկար երեսների վրա գրանցված էին ոչ միայն Կարմրաքարից, այլև հարևան հայ ու թուրք գյուղերից շատ տնտեսություններ, ըստ նրանց զորության կարգի։ Մատյանի առաջին մասում ունևոր տնտեսություններն էին և շատ «պաչոտնի» (ինչպես ասում էր Եփրեմը 10 մարդիկ, որոնց ամենօրյա առուտուրը նրանց խանութիցն էր։ Վերջում մի քանի էջ հատկացված էր նրանց, որոնք Եփրեմի ժարգոնով կոչվում էին «Ղարիբանոցի խումբ»։ Մատյանը միօրինակ ձևով չէր գրված․ կային երեսներ, ուր Մկրտումի բարակ ձեռագրով նշանակված էր․ «ձեռաց առավ 15 մնթ. հօգոստոսի 9-ին»։ Բայց ավելի հաճախ, մանավանդ եթե ապառիկն ապրանքով էր եղել, մատյանն ավելի մանրամասն էր ասում։ Օրինակ՝ «Շալուն Սիմոնին մի գրվ․ շաքար կնունքի համար, ևս հիլ զանջաֆիլ 10 կոպ.»... «Թարիվերդի Սուլեյմանին հարսանիքի համար 10 արշ. զոլավոր, Պրոխորովի լաստիկ-8 20 արշ., գյուլի այլուխ-3 հատ, մի գլուխ շաքար Բրոդսկու, լավը, խոշկյաբար-4 գրվ․, նաբաթ 1 գր., ևս լամպի շուշա տասանոց-1 հատ, բոլորի գումարը-22 մանեթ 34 կոպ․»։

Առանձին էր քոչվորներին բաց թողած ապառիկի ցուցակը։ Ամեն գարնան ամպ ու փոշու մեջ կորած հազարավոր բազմություն հեռավոր տափաստաններից ոչխարը, ուղտը, եզն ու ձիու երամակներն առաջ արած բարձրանում էին այն լեռնաշղթան, որի մասին վաղեմի ճանապարհորդ վարդապետն իր հիշողությունների մեջ գրել է, թե մատանու նման օղակում են 3O Կարմրաքարը և ադամանդի պես սպիտակ լիճը բարձր պահում։ Քոչն իրար էր խառնվում. հետև մնացողները նեղվում էին տափարակի տոթից, անասունները փնչոցով շտապում էին, օր ու գիշեր ճանապարհ կտրում սարի թարմ կանաչի համար։ Հետինները քշում էին առաջիններին, ճամփի նեղ կապերում տավարն իրար էր խառնվում, բարձրանում էր չտեսնված