Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինչ լինելը միայն տիրոջն է հայտնի։ Այդ վերհիշումի հետևանքն եղավ այն, որ Հովնաթան Մարչը մի կողքին դարձավ, ձեռքերը ծալեց այնպես, ասես ձեռքով գրկել էր մի գլուխ։ Բայց ես խոստացա չպատմել այդ մասին, քանի որ այդ գլուխն ամենից թանկ իրն էր նրա հոգու անկյունում։

Երեկոյան նրա մոտ եկավ կարճլիկ մի մարդ, որին փողոցում տեսնելիս շատերը կարծում էին, թե քաղաքի ամենից զբաղված մարդն է, որի վրա է ծանրացած անթիվ հոգս՝ հիվանդներ բժշկել, երկաթուղիներ անցկացնել, ձիաբուծարան հիմնել և այլն, և այլն։

— Բժիշկ Երանոս։

— Շատ ուրախ եմ․․․

Եվ բժիշկը հևիհև սկսեց պատմել մի ուրիշ տեղ շտապող մարդու պես արագ֊արագ խոսելով, որ ինքը վաղուց է լսել նրա գալուստի մասին, անհանգստանում էր, թե չլինի՞ ճա֊ նապարհին մի բան է պատահել։

— Լա՞վ եկաք, չնեղացրի՞ն...

— Օ, ո՜չ, փառավոր։ Ես հիացած եմ․․․

— Գիտե՞ք, այստեղ շատ բան կտեսնեք․․․

— Անշո′ւշտ, հարկավ։

Մի քիչ հետո Մարչը բժիշկ Երանոսին պատմում էր Նոր Եթովպիո մասին, թե ի՜նչ սքանչելի քաղաք պիտի լինի, ովքեր պիտի ապրեն և թե մեծաքանակ գումար է հատկացված այդ գործի համար։ Բժիշկ Երանոսը զմայլանքով էր լսում։ Ահա մեծ սենսացիա: Իսկույն հարկավոր է դուրս թռնել, ասել սրան-նրան, լուրը տարածել։ Եվ բժիշկը թոթվեց Մարչի ձեռքը, խոստացավ հաճախ տեսնվել, ուրիշներին էլ բերել։

— Շատ պատվական և ազնիվ մարդիկ կան,— ասաց բըԺիշկը և դուրս գնաց,— ո′չ, գլորվեց որպես ֆուտբոլի գնդակ, որ հարվածից դիպչում է մերթ այս քարին, մերթ այն պատին, նորից հետ դառնում ու նորից դիպչում։

Իսկ Հովնաթան Մարչը գոհ առաջին ծանոթությունից մեկնըվեց մահճակալի վրա, առաջին հանդիպումը խմբագրելով այսպես.

— Հոս ալ պատվական ազգայիններ կան...