Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Վերջը իմ ասածին կգաս։ Գյուղն ի՜նչ է, որ մարդ էնտեղ բնակարվի։ Փող ունես, տար քեզ բարեբար մարդոց հետ գործ արա: Երեկվա սողան ծախողն էսօր վտարոյ գիլդի կուպեց է դառել, իսկ մենք էս վայրենի ծմակից դուրս չենք գալիս։ Չե՞ս տեսնում... Շատը սոված է, մի թիքա պանիր էլ չի ճարում, որ ցամաք հացը կուլ տա... Օզգյա լազա՜թ կա քաղաքում... Շիկ, լուսավորություն, նստել, վերկենալ, հանգիստ։ Փողդ ապրանքի տուր, մի բոյկի ուգլավոյում մագազինիդ դռները բաց արա, թող պրիկաշչիկների հոգին դուրս գա... Դու 10 հենց աչքիդ տակով նայիր։ Թե չէ էս ինչ կյանք է... Ես ինձ նման ընկերների հետ մի անգամ նստել վերկենալը չեմ փոխի քո ճանաչած մարդուց հետ... էստեղ մնացողը մարդու կերպարանքից էլ կընկնի։ Մի օր էլ տեսար՝ ըհը, աղբյուրը ցամաքե՜ց։

- Էդ օրը մեզ համար չի,- կտրուկ պատասխանեց Մկրտումը։

Տիրեց լռություն։ Եփրեմը վանդակի մեջ ընկածի նման քայլում էր սենյակում, երբեմն կանգնում գետնին նայում և ապա ձեռքերը մեջքին նորից շարունակում քայլել։ Մկրտումն 20 աչքի տակով նայում էր եղբոր բարկացկոտ շարժումներին։

Ոչ ոք չէր ասի, թե երկու եղբայրն էլ մի մորից ու հորից էին սերվել։ Մկրտումը կարճահասակ էր, ոսկրոտ: Նրա շարժումները կոպիտ էին. երկար և մազոտ ձեռքերը վայրենի տեսք էին տալիս նրան և հակապատկերն էին Եփրեմի ավելի նուրբ կազմվածքի։ Մեծ եղբոր գլուխը պատած էր կուպրի նման սև և կոշտ մազով, այնինչ Եփրեմի մետաքսի նման կակուղ մազերը տեղ-տեղ սպիտակել էին։ Առաջինը զուսպ էր, խորամանկ, ծանր ու բարակ կշռող և պողպատ կամքի տեր, երկրորդը՝ շուտ հուզվում էր, մտքինն ասում մինչև վերջ, կրակի 30 պես լափում մինչև վերջին շյուղը և հանգչում, հանդարտվում, դառնում խոնարհ գառ։

- Չեմ իմանում... Մի պաչոտնի մարդ չտեսա, որ մեր ասածին հավանի,- խանգարեց լռությունը Եփրեմը։

- Խալխի հացը չես ուտում, որ խալխի խելքով էլ գործ բռնես,- ասաց Մկրտումը և մի քանի քայլ արեց դեպի եղրայրը։