Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/138

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու կախվել։ Եկեղեցու գավթում խոտն այնքան շատ էր, որ Ավան ամին ըստ վաղեմի սովորության, Տեր Նորընծային խորհուրդ էր տալիս կանաչը խոտհարք պահելու և արգելելու, որ կաղ ոչխարներն ու գյուղամիջի էշերը կոխ տան ու թավալեն։

Բացվել էր գարունը, աշնան ցանած արտերը ծփում էին ծովի նման, մոխրագույն կոհակներ տալիս։ Ունանը քուն ու դադար չուներ. վարում էր, հա վարում, հորովել տալիս... Ծտերն ու ագռավները երամներով հետևում էին նրա վարին և թաց հողի միջից, խոփի հենց բերանից թռցնում ճիճու և որդ։ 10 Գարնան փարթամ բնությունը ավելի էր խտացնում այն կոնտրաստը, որ գոյություն ուներ Կարմրաքարի ու նրա հանդերի միջև։ Գեղեցիկ էին արտերը, մարդու ձեռքով տնկած ծառաստանները, նրա կապած մարգերը, ուր արդեն կանաչել էր լորին, սարյակները ճռվողում էին կտուրների տակ կամ տանձենու ճյուղերի վրա, և միայն մարդու բնակարանն ու ինքը մարդն էր, որ գարնան պայծառ արևի տակ փռելու ուրիշ բան չուներ, մաշված կարպետից ու միթիլը պատռած վերմակից բացի։

Գյուղի ամենավատ ժամանակն էր։ Տաշտը դատարկ էր, 20 օրը մի քանի անգամ աչք էին գցում գարու արտերին, որ շուտով պիտի գորշանար ու հասկ գցեր։ Մաքուր էին փողոցներն ու բակերը, որովհետև աղբը կրել էին բանջարանոցները, գարնան արևը ծծել էր աղբակույտերի կծծահոտն ու խոնավությունը։ Մաքուր էր և տների ներսը. ձմեռվա հաստ շորերն արևին էին տվել ու հագել հնամաշ արխալուղները։ Ոմանք ծանր փափախները դեն էին գցել, կապույտ թաշկինակ կապել գլուխներին։

Ավան ամին կացինը գոտկատեղում խրած, մեծ դանակը ձեռքին՝ այգուց այգի էր շտապում, պատվաստները ստուգում։ 30 Ամբողջ գյուղին էր հայտնի, որ Ավան ամու նման ոչ ոք ոչ պատվաստը գիտեր, ոչ էլ ծառի «խասիաթը»։ Անտառը նա գիտեր հինգ մատի նման։ Տեր Նորընծայի հետ երբեմն վեճի էր բռնվում և գրազ գալիս, թե ինքը կարող էր ասել այսինչ անտառամասում քանի ծառ կա, և ինչ ծառեր են, իսկ տերտերը չի կարող ասել, թե ժամագրքի այսինչ երեսին ինչ աղոթք է գրված։