Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արևից պաշտպանվելու համար և նայում ձորակի կողմը, որտեղից լսելի էր տխուր երգի ձայն, ուրախ ծիծաղ ու մուրճի միալար զրնգոց։ Աղջիկը ձայներից ջոկում էր, որ տխուր երգողը ուստա Նազարն է, «Հայաստանից գաղթականը», որի տունը գտնվում է Ղարիբանոցում, իրենց տան կից։ Ուստան ազատ օրերին էլ էր նստում տան պատի տակ և քթի տակ մռմռում նույն երգը։ Ուրախ ծիծաղը, որ ձիու վրնջոցի էր նման, Արզումանինն էր, իսկ զրնգացողն իրենց ծանր մուրճն էր։

Երրորդ օրն էր, որ ուստա Նազարը Մկրտումի պատվերով 10 ու նրա տված չափով աշխատանքի էր անցել Քառասնաջրի ձորակում, այնտեղ, ուր անտառի և նրանց հողի սահմանն էր։ Տեղը նա էր որոշել և ուստա Նազարի հետ միասին քողով չափել պատի երկայնքը, ցույց էր տվել, թե որտեղ պիտի շինեն ջրի ամբարտակն ու երկարավուն ծածկը։ Նրա ցույց տված տեղով հիմքը փորել էին, անտառի միջից մի նոր առու հանել, որպեսզի մինչև ամբարտակի կառուցումը Քառասնաջուրը նոր առվակով հոսի։

Աշխատանքը եռում էր։ Արզումանը, որ այդ գարնանն էր զինվորությունից վերադարձել, ուժով հենվում էր ծանր լինգին 20 և մեծ քարերը տեղահան անում։ Նա ձորակի մյուս ափին էր, մի քիչ բարձր։ Ամեն անգամ քարը գլորելուց քահ֊քահ ծիծաղում էր և կանչում ուստա Նազարին, երբեմն էլ հայհոյում էր քարին, լինգին՝ հենց այնպես, ըստ սովորության։

- Ուստա Նազար, ես քեզ համար րադ ստարատցա...

Պրիկազը տուր՝ ուզում ես քերծերը թափեմ ձորի մեջ... Յա սալդաթ 117 պենզենսկի պոլկ տրետի բատալիոն ավտարո րոտա պալուչիտ Արզումանու Եդիգարովու սելեննի Կարմիրկար 30 Ելիսավետպոլսկի գուբերնի... Այ, ես քու իմանը... Սիմոն ապեր, մեզ մին ֆելդֆեբել ունեինք, գլուխն էս քարի չափ կար... Որ նո՜ւ էր ասում, սաղ զվոդը դողում էր... Իսկական վրասեյսկի խոզ... է՜յ Իվան Իվանիչ, էս էլ քո հոր գյոռին...

Եվ քարը դղրդալով գլորվում էր ցած։ Կիտված քարերը մեջքով կրում էր մի դեռատի պատանի։ Նրա պատառոտած շորերը փոշոտվել ու ցեխոտվել էին, քարերը քերծել էին թևերը։ Պատանու մեջքին ջուլի կտոր էր, որի վրա շարում էր քարերը և տնքալով բարձրանում։ Երբ Արզումանը վերից ձայն էր