Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ձին հեռու տար... Սրան տե′ս... Կաթը պռոշին չորացել չի, խոսքի է խառնվում... Զահրումար տանձիքը։ Ծմակը լիքը տանձ է, էնքան կե՜ր, որ զխկրտի։

- Ո՞նց ես ուզում։ Էն էլ իրենց տան փափախավորն է, ոնց թե ծմակից տանձ բեր,- ձայնը բարձրացնելով ասաց Ավան ամին։ Արզումանը մի քայլ էլ մոտեցավ։

- Է՜հ, ասենք նրա խելքը էդքան չի հասնում, դու էլ նրա թայը հո չես,- դարձավ նա Ավան ամուն ժպիտն երեսին։- Ուրեմն հավատացիր, էլի՜... Վաշշ, դե էնա Կարմրաքարի 10 դուշմանն եմ, էլի։ Էդ իսկի ես կանե՞մ, ուրեմն ես պետք է քոչեմ էս գեղից։ Էհ, էդպես է՜ ... լավություն էլ անես, վատն ես, վատություն էլ անես, աչքից ընկած ես...- սրտնեղած վերջացրեց նա ու շատ խոր նայեց Ավան ամուն, ապա հանկարծ շրջվեց Արզումանի կողմը, ասես ուզում էր իր խոսքի ազդեցությունը ստուգել։

- Կարմրաքարում թե մի բարեկամ ունեմ, հրեն է՝ ,- ու մտրակի կոթը մեկնեց Սիմոնի կողմը,- չէ՜, Սիմոն...

Սիմոնը չպատասխանեց։

- Մտքումս կա, որ քաշած տախտակից ուսումնարանի 20 համար նստարան շինեմ... Թե չէ էն ինչ է։ Ոչ բարով ես էլ եմ հոգաբարձու։ Հերու ամառը Բեկտաբեգովն էլ տեսավ... Ասում է հայոց ուսումնարանը մշտական աղքատ է, լավ կանեք միրսկի պրիգովոր տաք, թագավորական շկոլ բաց անեք։ Ասի չէ, էդ լինելու բան չի, մեր երեխեքը թող մայրենի լեզվով ուսում առնեն...

- Մին չի՞,- ուսերը թոթվելով ասաց Արզումանը,- դու հաց ասի... Փորին ի՞նչ լեզու...

- Խելառ ես, ինչ է,- հարեց ուստա Նազարը,- մարդ յուր օրենք մոռանա, ռսի լեզվով ուսում առնե՞ն... Մեր երկիր բոլոր հայի լեզու կխոսի։

- Հա, Մկրտում, գերանը ո՞ր ծմակից ես բերելու,- խոսակցությունը փոխելով հարցրեց Ավան ամին։

- Փողի բան չի՞... թագավորական ծմակը շեն մնա։ Փող տուր էգուց կուպչի կրեպոստը հանեմ, ինչքան քեփդ ուզի հա կտրի...