Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մկրտումը սանձը պինդ ձգեց և փորի տակով մտրակեց, մտրակը վզզաց գնդակի պես, ձին թռավ։ Այդպես... Ու մի քիչ հանգստացավ։ Ասես մտրակը ձիու տեղ այն աներևույթ թշնամին ստացավ, որ խուլ դժգոհում էր, փնթփնթում, խեթ նայում, բայց ճակատ առ ճակատ դուրս չէր գալիս։

Ծփացող արտի տեսքը նրան հանգստացրեց։ Գարունը խոստանում էր առատ բերք։ Նա ձին պահեց արտի ծայրին, մասրենու ծաղկած թփի մոտ։ Կռացավ գարու ցողունը պոկելու Ձին ետ-ետ քաշվեց, ականջները խլշեց։ Թփի մյուս երեսին մի բան շարժվեց, ոստերն իրար դիպան, և սպիտակ վարդի 10 թերթերը օրորալով վայր ընկան։ Մկրտումը ձիուց իջավ։ Մյուս երեսին, թփի ստվերում, քաղհանավորներից մեկի մանուկն էր, փոքրիկ ճոճքի մեջ։ Մանուկը զարթնել էր, տրորում էր աչքերը, ու ճոճքը շարժում էր, ոստերն իրար էին դիպչում և թերթերը թափվում էին։ Մկրտումն ու մանուկը մի վայրկյան իրար նայեցին․ մանուկը ժպտաց, Մկրտումն ուզեց կռանալ ու մատը կարմրած թշին դնել, բայց մանկան դեմքից ժպիտն հանկարծ անհայտացավ, երևաց վախի արտահայտություն։ Փոքրիկը տեսել էր ձիու գլուխը՝ Մկրտումի թիկունքի 20 ետև։

Ձին հետքից քաշելով, Մկրտումը մոտեցավ քաղհանավորներին։ Շողերը նրանցից բաժանվեց ու մի քանի քայլ արեց դեպի նա։ Թելունց պառավը, որ մինչ այդ պատմում էր ընկերներին իր ամուսնական կյանքից, պատմում էր ու ծիծաղում, ու երբ ծիծաղում էին և աղջիկները, նրանց վրա բարկանում էր ու դեմքին կեղծ լրջություն տալով սաստում, որ չլսեն,- Թելունց պառավն ամենից առաջ տեսավ Մկրտումին։

- Այ դո՜ւ բարով ես եկել... էս արտը քեզ փեշքե՜շ․․․- ասաց նա։ Մկրտումը ժպտաց։ Պառավի խոսքին քաղհանավորներից 30 ոմանք ետ նայեցին ու նրան տեսնելով, նորից գլուխները կախեցին։ Մկրտումի աչքին ընկավ և Սալբին, որ արևից ու տաքացած հողից՝ կարմրած, քրտնած երեսը մի վայրկյան միայն շրջեց նրա կողմն ու նորից շարունակեց աշխատանքը։ Գարու կանաչ ցողունները փնջերով դուրս էին գալիս նրա դեյրայի կախ ընկած փեշի տակից, երբ նա մի քայլ