Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

...Կեսօրի մոտ գյուղում իրարանցում ընկավ։ Լուրը կայծակի արագությամբ կտուրից կտուր թռավ, հասավ մինչև այգիները։ Ավան ամին մեղրաճանճի քթոցներն էր տեղափոխում, երբ Բարիկոյին տեսավ այգիների ճանապարհով վազելիս..․

- Բարիկո, ախչի, էդ ո՞ւր...

- Ջաղացը... Ավան ամի, ղազախները գալիս են...

- Ի՞նչ ղազախ..․ Կաց տեսնեմ,- սակայն Բարիկոն արդեն կամրջի գլխին էր։ Ավան ամին գոտու տակ խրած արխալուղի փեշերն արձակելով, ճանապարհ ընկավ, չուխայի մի թևը կախ։

- Արզումա՜ն...

- Հե՜յ․․․

- Տերության մարդ է գալիս։

- Հե՜... Գալիս եմ հրե՜...

Տներից, բակերից դուրս էին գալիս տղամարդիկ, կանայք։ Երեխաները նրանցից առաջ էին վազում։ Գյուղը մրջնոցի նման իրար էր խառնվել, բոլորը շտապում էին դեպի գլխավոր փողոցը, ոմանք բարձրանում էին կտուրը և ձեռքները ճակատին դրած նայում հեռուն, ուր մի բան սևին էր տալիս։ Երևում էին երկու ձիավոր, որոնցից մեկը առաջ էր ընկնում, 20 երբեմն էլ ձիու գլուխը ետ դարձնում։ ...Մեկն ասում էր, թե վերի գյուղի համար են գալիս, մյուսը՝ թե երևի ձիավոր զորքը պիտի սարը բարձրանա, որովհետև նրա լսածով քաղաքում խոտ չի ճարվում։ Արզումանը, խոր նայելուց հետո, բարձր ծիծաղեց...

- Այ խամ հեյվան... էն հո մեր խազեյինանց ստրումենտն են բերում... Պիլնու համար...

- Ա հե՜... Սրա ասածը կլինի, հը՞,- ասաց մեկը։

- Ղազախն էստեղ ինչո՞ւ պիտի, ի՞նչ բան ունի...

- Կարելի է՜... Սպասի տեսնենք... Հրեն գլուխը հասավ 30 Լուս Խաչերին...

- Էն առաջինն էլ Եփրեմն է... Ես ձի քշելուցն եմ իմանում,-ասաց Արզումանը... Ու մյուսն ավելացրեց,- հրեն հա՜, կարմիր մադյանն է, էլի... Ես չեմ ճանաչո՞ւմ նրանց մադյանը...