Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ սկսեցին ծիծաղել ղազախների գալու լուրը տարածողների վրա։

- Ա դե ես իմ, է՜... Բռիցս հոտ չեմ արել, որ իմանամ... Ինձ էլ Մուքելի տղան ասաց...

- Ես էլ կտրանը կանգնած էի, ականջովս ընկավ...

- Առաջինը Թելունց պառավն ասեց․․․

- Էնենց է ասել, որ հավերը ճարի...

Ու ծիծաղն ավելի թնդաց։ Թեկուզ արդեն համոզվում էին, որ եկողները կազակներ չեն, դարձյալ չէին ուզում ցրվել։ 10 Հավաքվել էին խումբ-խումբ, տղամարդիկ ջոկ, կին ու աղջիկ՝ ջոկ։ Շատերը գրկել էին մանուկներին։ Ու միայն երեխաներն էին, որ այս խմբից այն խումբն էին անցնում, վազում շարքերի արանքով։

- Ա թուլա, դե դադար կաց, է՜,- ասաց մի ալևոր, որին մի երեխա հրեց ու ձեռքի թութունից մի քիչ թափեց։ Երեխան վազեց ու բազմության մեջ գտավ մորը։

- Ինչ խաչը ջուրը քցելու ժողովուրդ կա,- ասաց մեկը։

- Հավատաս, որ ջրօրհնեքին էլ էսքան մարդ չի հավաքվի... Հրեն հա՜,․․. Քաչալ Սային էշ է եկել․.․

20 Քաչալ Սային մի կույր ծերունի էր, որ կամ իր բոստանի շվաքում էր պառկում կամ տանը՝ քուրսու տակ։ Ոչ գյուղամեջ էր դուրս գալիս և ոչ էլ երևում էր գյուղական տոներին։ Կողքի գյուղերն էլ էին նրան ճանաչում, մի կարմրաքարցու հանդիպելիս, եթե հարցնեին գյուղի անց ու դարձից, կարմրաքարցին ծիծաղելով պատասխանում էր, թե «Քաչալ Սային հլա բոստանումն է», այսինքն գյուղում նորություն չկա․․․

- Տեր Նորընծան չկա՜...

- Գնացել է ստրումենտ սարքի, որ գա ժողովրդին օրհնի․․․

30 Տնաշեն, խաչը ջուրը քցելիս օրհնում է․․․ Բա մենք սաղ գեղով էս գիշեր ջրի մեջ ընկանք, ուրեմն չօ՞րհնի,- ասաց Արզումանը։

Այդ խոսքի վրա փողոցի ծայրում երևաց Եփրեմը։ Նա ձիու գլուխը ձգեց, ձին հետևի ոտների վրա բարձրացավ ու պտույտ արեց։

- Շան որդու փորսին տես...