Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կանգնած էր, զինվորական բաճկոնն ուսին։ Սալբին հիշեց գիշերվա հեղեղը.․.

Իրար հետևից երևացին ֆուրգոնները։ Հոգնած ձիերը կապույտ փրփուրի մեջ վերջին ճիգերն էին անում ծանր բեռը քաշելու։ Գոլորշի էր բարձրանում նրանց քրտնած մարմիններից։ Ֆուրգոնի անիվները, ճաղերը, ձիերի ոտները, նույնիսկ կուրծքը ցեխոտ էին, ասես ճղփալով անցել էին ցեխի հեղեղի միջով։ Առաջին ֆուրգոնի մեջ մի հսկա արկղ էր, երկաթե ձողերով կապկպած։ Երկրորդ ֆուրգոնի հատակին ընկած էին երկաթե երկար ու զանազան հաստության ձողեր, որոնց ծայրերը ցեխի մեջ քարշ էին գալիս, ակոսներ քաշում։ Երրորդ ֆուրգոնը երկրորդից բավական հեռավորության վրա էր։ Չուգունի պտուտակներ էին, տարբեր մեծությամբ, կտրատված երկաթներ, փոկերի ծալ֊ծալ կապեր, փայտի արկղներ և ուրիշ մանրուք։ Վերջին ֆուրգոնը բերնե բերան լցված էր թիթեղներով, և դրա համար էլ ամենից շատ նա էր աղմկում, զրնգացնում։

Կարմրաքարն առաջին անգամ էր տեսնում այդքան ֆուրգոն և այդպիսի ապրանք։ ճիշտ է, մի քանի անգամ Խոջա Հիբանի որդիների խանութի ապրանքը դարձյալ ֆուրգոնով էին բերել, բայց նրանք երկձի էին, սովորական սայլից մի քիչ մեծ։ Մի անգամ էլ պրիստավ Բեկտաբեգովն էր եկել այնպիսի փոքրիկ կառքով, որին գյուղում անվանել էին ծտի բուն։ Բայց այս անգամ չորս ֆուրգոն, չորսն էլ քառաձի և ի՜նչ ձիեր, ի՜նչ սարք ու կարգ։ Կային այնպիսիները, մանավանդ կանանց մեջ, որոնք չէին տեսել նույնիսկ այն երկձի ֆուրգոնը, որ խանութի համար ապրանք էր բերում։ Եվ զարմանքով, զմայլանքով էին նայում ֆուրգոնի ներկած ճաղերին, որ վրանի նման օրորվում էր։

- Այ, ինչ ուխտ կգնամ դրանով... Մեջը քնի, ոչ արևն այրի, ոչ կարկուտը տա...

- Լավ ալաչուխ կլինի դրա գլուխը...

«Աշխարհ տեսած» կանայք ծիծաղում էին նրանց վրա։ Տեր նորընծայի կինը մի անգամ որդուն ուղեկցել էր քաղաք և տեսել կառքը։

- Անտերը ղուշի նման է գնում... Անսա՜ս... անսաու՜ր... էնքան էլ կակուղ...