Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնցից մեկը երբեմն գլուխը վեր էր հանում, «նու՜» ասում ուտելիս իրար հետ կռվող ձիերին և նորից գլուխը դնում հարդի տոպրակին։

Ֆուրգոններից քիչ հեռու դարսված էր ապրանքը։ Ինչեր չկա՜ր... Արկղներ, երկաթալարի կապեր, հաստ մեխերի կիտուկներ, թիթեղ, բարակ ռելսեր, վագոնետների երկաթե մասեր։ Մեծ ստանոկը հինգ֊վեց մարդու օգնությամբ իջեցրել էին և դրել խանութի դռանը։ Ձողերը հենել էին խանութի պատին։

Տղամարդկանց մի բազմություն նայում էր յուրաքանչյուր 10 իրը, տեղեկանում, թե ինչու համար է, ինչ գործ պիտի անի։ Եվ հակասական բաներ էին ասում։ Ոմանց ասելով վագոնետները պիտի փայտը սղոցեն, երկար ձողերը կամուրջի համար են, որի վրայով գերանները պիտի քարշ տան։ Իսկ երեխաների խումբը չէր հեռանում վագոնետների մոտից. «Ի՜նչ կգլորվի գերեզմանատան բլուրից․․․», «Իշու արաբա է», ասում էին նրանք։ Կանայք հեռվից էին նայում կամ փողոցով անցկենալիս քայլերը դանդաղեցնում, որ մի քիչ ավելին տեսնեն։ Հարս ու աղջիկ իրենց տների առաջ փոքրիկ խմբերով կանգնած սպասում էին, որ երեխաներից մեկն ու մեկը գա, և նրանից 20 տեղեկանան, թե ինչ «մաշիններ» կան արկղների մեջ, ճի՞շտ է, որ երկար ձողերով հոր են քանդելու, ինչպես ասում էր Շուղանց հարսը։ Եվ երեխաներն ինչպիսի՜ առասպելներ էին պատմում...

Թոռան ուսից բռնած, մահակը գետնին տափտափելով, երեկոյան դեմ եկավ և կույր Սային։ Ոմանք ծիծաղեցին նրա վրա, ինչ պիտի տեսներ նա․ մյուսները սաստեցին ծիծաղողներին և հետ-հետ քաշվելով ճանապարհ բաց արին։ Կույրը մոտեցավ, փայտն առջևն օրորալով, դիպավ ծանր պտուտակներին, կռացավ, սկսեց շոշափել։ Ապա մոտեցավ 30 վագոնետներին։

֊ Սայի դայի... Մեծ մաշինը հրեն դուքանի առաջը․․․- ասաց մեկը։ Ծերունին ու թոռը շրջվեցին այն կողմը։ Ստանոկն արդեն բաց էին արել։ Արևամուտի լույսի տակ պողպատի գորշ փայլով շողշողում էին նրա ողորկ լանջն ու ծանր ոտքերը։ Ծերունին գրկեց, ականջը կախեց, ասես լսում էր և բոլոր մասերը շոշափելուց հետո, տեղում ձգվեց: