Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանց դիմաց, կիսաքանդ մարագի ստվերում, երկու հորթ ականջներն էին շարժում և որոճում։ Եկեղեցու գավթում հոտից հետ մնացած ոչխարը, որի դմակը փաթաթված էր թաղիքի մեջ, պոկոտում էր պատերի տակ բուսած չոր խոտը։ Գայլը ցրիվ էր տվել դմակը, տերը փաթաթել էր վերքը, որ շոգից ու կեղտից որդնոտել էր։ Քաղցած ոչխարը և՛ պոկոտում էր խոտը, և՛ ցավից դմակը պատերին ու քարերին քսում։ Գավթի ստվերում, փալանը փորի տակ կախ, շշմած կանգնել էր մի էշ և նայում էր ոչխարի շարժումներին։ Արթուն և առույգ էին 10 միայն աքլորները, որ քրքրում էին փողոցի աղբն ու արուի հպարտությամբ կանչում հավերին։

Ծառի տերևն էլ չէր դողում։ Եվ տոթին, երբ մեղուներն էլ էին խմբերով իջնում առվակի խոնավ ափերին,- Բոլոր քարի մոտ նստած երկու ծերունի լսում էին Քառասնաջրում թափվող ջրի ձայնը և բարակ զրնգոցը։ Սրանց համար նորություն էր այդ. կարծես երկաթյա թևերով մի թռչուն իջել էր ձորը և նվում էր՝ թևն արնոտ բուի նման։

- Էլ էն Քառասնաջուրը չի, հե՜յ...- ասաց ծերունիներից մեկը ննջացող ընկերոջը։

20 - Ասում է ձորի մասրիքը չորացել են,— պատասխանեց նա և աչքերը՝ շոգից, հոգնածությունից, ծերությունից փակվեցին։

Ծերունին ճիշտ էր ասում։ Քառասնաջուրն էլ առաջվա փոքրիկ ձորակը չէր, ուր այնքան առատ էր լինում մասուրը, իսկ քարերի արանքում՝ մանուշակի ու մորենու թփեր։ Թիթեղյա ծածկոցը թուխպի պես թևերը փռել էր, հենվել սյուների վրա, որոնց արանքում վագոնետները բարակ ռելսերի վրա հետ ու առաջ էին գլորվում։ ճիշտ մեջտեղը, գերանների վրա ամրացված էր ստանոկը։

30 Պողպատյա սղոցը պտտվում էր, գերանը դժկամությամբ էր իր սպիտակ բունը մոտեցնում, սակայն վագոնետը գլորվում էր և սղոցի սրածայր ատամները քրքրում էին փափուկ միջուկը, ավազի նման շպրտում։ Սղոցը զիլ էր զրնգում, երբ դեմ էր առնում կարծր կոշտի, ավելի արագ էր պտտվում, տաքանում և կոշտը ճեղքում։ Գերանը երկու կտոր անելուց սղոցն ավելի հանդարտ էր զրնգում, նեղ ձորից դուրս եկող գետակի