Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկը Շինականի տղայի՝ Բագրատի նման «սրտանց» չէր կարդում։ Դարբինը խոփը կրակի մեջ էր դնում և նստում կարդացողի մոտ։- Ուստա սիպտակում է...- ասում էր խոփի տերը։ «Հանի թող հովանա․.. Հրես էն տեղին ենք հասնում»։ «էն տեղը» արկածների հանգույցներն էին, երբ, օրինակ, բուլղար ավազակապետը շղթան սղոցում է, ու պիտի իրեն բանտի պատուհանից գցի... Եվ հանկարծ ծառս է լինում, կաս-կարմիր խոփը հանում ու զայրույթից թե հրճվանքից մուրճն այնպես զարկում, որ հնար չէր զարկերը հաշվելու։ Իսկ խոփի տերը, սրտի դողով, մեկ խոփին էր նայում, մեկ կայծերին, 10 որ թռնում էին ծանր մուրճի տակից։

Բոլոր քարի մոտ նստածների զրույցին նոր նյութ տվավ Մուքելի տղայի գալը։ Նա քաղաքից էր վերադառնում։ Երբ նկատեց հավաքվածներին, նա գլխի ընկավ, որ պատերազմի լուրն արդեն գյուղն է հասել։ Եվ քայլերը փոխեց նրանց կողմը։

- Ո՞ր թիվն են տանելու, չիմացա՞ր,- հարցրեց Շուղանց Իսոն։

- Ութ տարվա զապասն են հավաքում, Իսո դայի․․․ Խոսք կա, որ աշունքն էլի կանչեն։

- Ուրեմն մինչև աշունքը կռիվ պիտի տա՞նք,- հուսահատ 20 ասաց ծերունին։ Եվ ապա ինքն իր ձեռքն օդում տարուբեր արեց, մրմնջալով՝ «տարա՜ն․․․ գնա՜ց»։

- Էլ ուրիշ ի՞նչ էին ասում․․․ ճոթ ու կտորի կողմանից, թանգից, էժանից,- հարցրեց Ավան ամին։

- Խոսք չկա։ Դուքանները տրաքվում են ապրանքից։ Հա՜, ղազախները գնացին։ Մի թամաշա էր, որ...

- Ես էլ տեսա,- վրա բերեց Հասրաթի Սիմոնը։

- Դե սուս, է, թող տեսնենք, ինչ է ասում,- սաստեցին նրան։

- Վարդապետը, քահանեքը, քաղաքի պաչոտնի առուտուրակները 30 խաչով, խաչվառով տարան նրանց ճանապարհ քցեցին... Ղազախների գեներալը կռացավ, վարդապետի աջն առավ։

- Հայր Սիմոնը շատ հարգևոր է մեծամեծաց ասպարեզներումը, ուսյալ մարդ է,- ասաց քահանան։ Նրան հաճելի էր այն, որ գեներալը համբուրել է հայր Սիմոնի աջը,