Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրա կողքին պառկել էր Արզումանը և ձեռքի ճիպոտով մերթ թեժացնում էր խարույկը, մերթ հեռու թռչող կրակները հավաքում։ Երկու հնձվոր, երեկոյան սառնությունից պաշտպանվելու համար չուխաներն ուսերին գցած՝ թիկնել էին խոտի խուրձերին։ Նրանցից մեկը ծխում էր, մյուսը՝ աչքերը բաց անում, նայում քչթացող կաթսային ու նորից փակում։ Խարույկից քիչ հեռու ջաղացպանի կինն ու Սալբին ավելուկից շարանուկ էին կապում։ Սալբին երբեմն մասրենու ձողով խառնում էր կաթսան, մի կարտոֆիլ հանում, մատներով սեղմում ու կիսաեփը մեջը գցում։ 10 Երբ աղջիկը ձեռքը մեկնում էր կաթսային, ննջողը գլուխը վեր էր բարձրացնում, իսկ երբ Սալբին նստում էր իր տեղը, հնձվորը հոգնած գլուխը թեքում էր խրձանը։

Արզումանը Սիմոնին պատմել էր սղոցարանի դեպքը։ Պատմել էր ներքին հպարտությամբ, մի քիչ ավելին, քան իրականում էր եղել, պատմել էր այն անխուսափելի ձևով, որ հատուկ է երիտասարդ մարդկանց, երբ այդ պատմությանն ունկընդիր է և նրանց սիրելին։ Սիմոնն անորոշ պատասխանել Էր, թե չար մարդու վերջը լավ չի լինում։ Անհայտ էր, թե ո՞վ էր այդ չարը՝ Մկրտո՞ւմը, թե Արզումանը։

20 Հանդարտ էր խարույկի մոտ... Ջուրը թշշում էր, մուրճի հարվածներից գերանդին այնպես մեղմ էր զրնգում, կարծես խոր սափորի մեջ ջրի կաթիլներ էին ընկնում․․․ Արզումանը գլուխը վեր էր բարձրացնում, նայում Սալբուն, որի ստվերն ընկել էր խոտերի վրա։ Աղջկա երկայն արտևանունքներն ավելի էին թանձրացնում աչքի խոռոչի սևությունը։ Երեսը վառվում էր՝ հոգնածությունից ու կրակին հաճախ մոտենալուց։

Շուտով ընթրիքի կնստեն... Ապա գերանդիները, զնդանը, մուրճը, ջրի կուլան կպահեն խուրձերի տակ և կցրվեն տները։ Զաղացպանն իր կնոջ հետ կգնա ներքին կամրջով, իսկ մայր 30 ու աղջիկ կիջնեն գետի վրա և քարերի վրայով կանցնեն գետը, կբարձրանան այգիների կողմը, կծռվեն փուլ եկած պատի կողքով, և տան դռնակը կճռճռա։ Դաշտում կմնան Արզումանը, երկու հնձվորները, որոնք ընթրիքից հետո պիտի թաղվեն չոր խոտերի մեջ և քնեն մեռածի քնով։ Ու լուսինը մայր պիտի մտնի, խավարը պիտի թանձրանա... Արզումանն անցնելու է քարերի վրայով, ջրի միջով, նրանց հետքով և փուլ եկած պատի