Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջ սուզած, մտքով հեռուն էր թռչում, տասնյակ դարեր հետ և պատմության փոշեպատ խորքերից հանում դեմքեր, որոնց ստույգ լինելու մասին միայն ծերունի մատենագիրն է վկայել։

Մեքենայի թափը արագ բռնկվող բենզինից չէր, այլ Հովնաթան Մարչի հրդեհվող հայրենասիրությունից։ Սլանում էր մեքենան, քամուց ֆռֆռում էր նրա լայն վերնազգեստը։ Կարծես մարդ չէր նստած, այլ թևավոր ոգի, որ հուլիսյան շոգին հայտնվել էր անամպ երկնքի խորքից, փոշի բարձրացրել ու անհետանալու էր փոշու ամպի մեջ։

- Ինչ յաման կքշա՜ անիրավը... Տեսնես ո՞վ ա...

- Ամերիկացու կլմաներ։

Այսպես էին խոսում սելվորները, փոշու ամպի մեջ փորձելով որոշել, թե ո՞ւր կորավ մեքենան։

Ուրիշ էլ ինչ կարող էին խոսել մարդիկ, որոնց ուղեղը արևի տակ կակղել էր, և որոնց լեզուն ցեխախառն թուքի մեջ դառնում էր այնքան ծուլորեն, որքան գոմեշը տիղմի մեջ։ Հարկ չկա վիրավորելու Հովնաթան Մարչի պայծառ հիշատակը (ընթերցողը հետո կտեսնի, որ հիրավի, խոսքը միայն հիշատակի մասին կարող է լինել) և գրել, որ գյուղացիներից մեկը, որի գոմեշները խրտնեցին և սայլը թեքեցին այնպես, ինչպես նավն է թեքվում ճեղքված ստանալիս, որ գյուղացիներից մեկը ծա՜նր, շատ ծանր հիշոցք շպրտեց, ուղղված և՛ Մարչին, և՛ նրա... Օ՜, ոսկեգանգուր խոպոպիկներով տիկին, եթե Բուենոս Այրեսում դու լսեիր...

Հովնաթան Մարչը գնում էր Նոր Եթովպիո տեղը որոշելու, տեսնելու այն տափարակը, քարոտ և անջուր երկիրը, որի մասին բանաստեղծները երգել են որպես չքնաղ դրախտավայր, և ուր Փղշտացոց Բարեսիրաց Մարմնի մոգական ուժով պիտի հարություն առնի մի մեռած քաղաք, մի Նոր Եթովպիա, ո′չ, ահագին մի աշխարհ։

Արարատյան դաշտը ամենևին չքնաղ գեղեցկուհի չէր հուլիսյան այդ շոգ օրին, թեկուզ այդպես էր երևում Հովնաթան Մարչին՝ ակնոցների հաստ ապակու ետևից։ Այդ մի պառավ կին էր, ստինքները՝ չորացած տրեխներ, որի ճաքճքած