Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գյուղի վրա բացվեց մի պղտոր առավոտ։ Մոխրագույն ամպերը ծխի նման բարդ-բարդ վեր էին ելնում, կարծես վիթխարի կրահորի բերան էին բացել։

Առավոտյան մուժի մեջ ծլնգացին եկեղեցու զանգերը։ Ժամհար Բարսեղը սովորականից կանուխ էր զարթնել և կաղ ոտը քարշ տալով բարձրացել զանգակատունը։ Հեռվից նայողին այնպես էր թվում, որ ոչ թե ժամհարն է քաշում զանգի պարանները, այլ զանգերն են ձգում նրա թևերը, նախ՝ աջը, ապա՝ ձախը։ Կաղ ոտը ձգած, գլուխը գետնին 10 խոնարհած, Բարսեղը կարծես արձանացել էր, մոռացության տվել ծանոթ գավիթը, պարանների կշկուռը, որ սեղմում էր բռան մեջ, զանգակատանը բուն դրած աղավնիներին, որոնք ամենօրյա ձևով թռան, երբ ինքը սանդուղքով վեր բարձրացավ, և շար ընկան գմբեթի ծայրին։

Ժամհարը կանուխ էր զարթնել։ Գիշերն էլ անկողնում կողքից կողք էր շրջվել, կարծես ներքնակի մեջ փշեր էին լցված։ Նա երբեմն գլուխը վեր էր հանում, նայում պատուհանին։ Ինչ երկար էր ամառվա այս գիշերը...

- Սամսո՜ն, քնել չե՞ս․․․- ձայն էր տալիս որդուն։

20 - Չէ՜

— Քնի, բալաս։ Երկար ճանապարհ ես կտրելու։- Իսկ ժամհարի կինը մթնում ման էր գալիս, պղինձները զրնգացնում, սանդուղը բաց անում, ինչ-որ բան հանում, կապում։ Լսելի էր զսպված հեկեկոցի ձայն, որ դադարում էր, երբ Սամսոնն ու հայրը լռում էին։ Մայրը հեկեկաց բարձրաձայն, երբ խոսքի միջին ժամհարն ասաց․

- Հրես մեր տանն եմ ասում․․․ նամակդ մշտական թող անպակաս լինի։ Դու էլ քեզ մղայիթ կաց․․․ Հազար շառ, հազար փորձանք։

30 Մոր հեծկլտոցի ձայնից երեխաներն էլ զարթնեցին։ Ամենափոքրը տեղերում նստեց ու կանչեց մեծ եղբորը։ Երեխան կարծում էր, թե նա գնացել է, ու իրան քնած են թողել։

- Բարսե՜ղ, օրհնյալ․․․ բավական է,- ասաց Տեր Նորընծան՝ եկեղեցու բանալին գրպանից հանելով։