Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էր ջաղացպանի խոսքը, թե տղամարդը միայն կարող է դիմանալ այդ «զահրումարին...»։

Մի ներքին ձայն Խաչանին ասում էր, որ միջոցը վտանգավոր է։ Բայց սիրտը մղկտում էր... Ինչպես պիտի ապրեն տունը, կինը, երեխան։ Ամբողջ գիշերը կինը արցունք էր թափել բարձին, օրորոցի վրա, երբ կռացել էր երեխային ծիծ տալու։ Ու հենց ուզում էր բերանը բանա, բարակ աղբյուրի նման արցունքը ծլլում էր։ Այդ երկընտրանքը Խաչանին ծանր մտատանջության մեջ էր գցել։ Իսկ եթե խմի մի գավաթ ծխախոտի ջուր, ինչպես Ունանն էր ասում, կազատվի՞ ու տանը կմնա՞... 10 Խաչանը կրկնում էլ մոլորվածի նման. «տեսնենք, կամիսիա ընկնենք... Բալքի բրակ են դուրս բերում»։

Հանդում մենակ մնացած եզան բառաչի նման հանկարծ լսվեց գզիրի հուժկու ձայնը.

- Հե՜յ, հե՜․․․ գնացողը գա մեյդանը, հե՞յ...

- Բայղուշ,- ասաց Թելունց պառավն ու ձեռը չանչ արեց ձայնի ուղղությամբ։

Խաչանը տեղում ձգվեց։ Այդ կանչը նրան ազատեց երկընտրանքից, պիտի գնալ։ Ու շրջվեց դարպասով ներս։

- Կա՜ց,- ասաց Ունանը, ձեռքը գրպանը տանելով։— 20 Ձեռքի խաշլուղ կանես, մինչև տեսնենք։ Երեկ երկու բեռ խոտ եմ ծախել զրիկեցի Բախշուն...- Ու նրա ձեռքին դրեց խոտի վարձը:

- Գալիս ե՞ն,- ասաց մեկն ու վազելով իջավ ներքին թաղը։ Մի երեխա կտուրից կանչեց.

- Անտոնը ձին թամքում է...

Եվ իրարանցումն ընկավ։ Սկսեցին կապել, կապկպել, տնետուն վազել թելի, պարանի, հաց փոխ առնելու, գրաստներ սարքելու։ Մի մայր ծնկներին խփեց, նա մոռացել էր պաշարի մեջ աղ դնելու ու ճիգ էր անում հիշելու, թե ո՞րտեղ է աղի 3O պարկը։

Կարմրաքարից գնում էին Շուղանց Իսոյի տղան, Խաչանը, Սիմոն ամու որդին, որի անունը գտնվել էր վերջին ցուցակում, և հայրը լացակումած վերադարձել էր տուն, մարդ ուղարկել, որ ոչխարատեղից նրան կանչեն։ Գնում էր և Դիլբառի Թևանը, որ Արզումանի հետ էր զինվորությունից