Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բոլոր քարին հենած լսում էր խոսակցությունները, կանչը, ձիերի վրնջոցը, մանուկների լացի ձայները, մեկի զիլ ծիծաղը... Ավան ամու կողքին կանգնել էր ուստա Նազարը և փափախով սրբում էր ճակատի քրտինքը: Ավան ամու այգուց նա երկու կողով խնձոր էր բերել և սպասում էր, որ բաժանի։ Ուստան երեխայի նման ուրախացել էր և՛ նրա համար, որ գնացողներին Ավան ամին խնձոր է բաժանելու, և՛ նրա, որ ինքն է բերել կողովները։

- Ավան ամի, հենց հազրվել ես, ասես դու էլ ես գնալու,- 10 ասաց Արզումանը, աչքը գցելով նրա կոկիկ ու պինդ կապած տրեխներին։

- Կոտորվելուն մենք ենք, որ չեն տանում,- ասաց ու բաց արեց կողովը։- Առաջինը քեզ,- ու բռով լիքը լցրեց նրա գլխարկի մեջ։ Խնձորների բաժանելն իրարանցում առաջացրեց։ Շատերը մոտեցան։ Գզիրն էլ մեկնեց իր գլխարկը, իսկ Թելունց պառավը կտուրից կանչեց.

- Հրեն ծառերը կոտրատվում են էլի՜... Հասնելուց կուտես, երեխոց փայը մի կտրի։- Գզիրը փոշմանած ձեռքը ետ քաշեց, կորավ բազմության մեջ։

20 - Պա՜-պա՜... Կարմրաքարը զարգացել է՜... էս վախտ կարմիր խնձո՜ր,- ասաց Արզումանը և խնձորները ձեռքին մոտեցավ կտրանը, որի վրա կանգնած էին ջաղացպանի կինը, Բարիկոն, Սալբին, իր խորթ մայրը, ու թվաց, թե պարտեզից խնձոր է քաղել, ինչպես մանկության օրերին և ծոցերը լցրած շտապում էր յուրայինների մոտ։ Թեկուզ Սալբին գլխաշորը երեսի վրա էր քաշել, բայց և այնպես նրա կարմրելն Արզումանը նկատեց։

- Տեսեք, է՜... Ավան ամին ինչ հոգեպահուստ է ունեցել,- ասաց և խնձորով լի գլխարկը մեկնեց։

30 - Պահի՛, ճանապարհին կծարավես,- ասաց խորթ մայրը: - Չէ՛, վեր կալեք,- և դարձավ Բարիկոյին,- ախչի, Եգորին չես տեսե՞լ...

- Հրեն է՜, Խաչանի կողքին...- ջաղացպանի կինը խնձորներից մեկը վերցրեց և մեկնեց Սալբուն։ Աղջիկը ամաչելով խնձորը պահեց գոգնոցի տակը։