Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գզիրը տեղեկացրեց, որ բոլորը ներկա են։ Վասիլը պատրաստ ծրարը հանձնեց։ Մկրտումը Գոդուն նշան արեց պարկը մոտեցնելու։

- Էդ ի՞նչ է, Մկրտում,- ժպտալով հարցրեց գզիրը։

- Հե՜չ, ասում եմ տղերքը ուրախ գնան,- ասաց և մի կապոց, որ վերև էր դրված, մեկնեց տանուտերին, երկրորդը՝ ուրյադնիկ Երոշին, որ ձիու վրայից կռացել էր պարկի վրա, վիզը ձգել, ասես ուզում էր մինչև տակը տեսնել։

-Իմ հոգուս պարտքը՝ տեղ հասնելուց նաչալնիկին էս մասին ռապորտով հայտնեմ,- ասաց տանուտերը, մատներով 10 կապոցը տնտղելով։

- էհ, սա ի՜նչ է որ,- կեղծ համեստությամբ պատասխանեց Մկրտումը։

Գնացողները մեկ-մեկ մոտենում են, կապոցներն ստանում։ Խաչանը ստացած կապոցը դրեց փոքրիկի գրկին։ Դիլբարի Թևանը հենց տեղն ու տեղը բաց արեց մրգեղենը, զգուշությամբ լցրեց գրպանը ու թաշկինակը տնտղեց։

- Փեշքեշ ձիու ատամին չեն նայի, է՜յ,- ձայն տվավ մեկը։ Թևանը թաշկինակը ծալեց ու տեղավորեց պայուսակում։

- Ես էլ ասեմ առավոտ կանուխ դուքանը ինչի էր բաց,- ասաց 20 Թելունց պառավը կողքին կանգնած մի կնոջ,- նա էլ ջան է, չէ՜, ասենք մի քիչ չար նախանձ է...

- Հալբաթ նրա սիրտն էլ է մղկտում,- պատասխանեց կինը։ Եվ Մկրտումի ընծաների լուրը բերնեբերան տարածվեց։

- Արզումա′ն, է՜յ, մոտեցի′,- կանչեց պամոշնիկը։ Մկրտումը վերջին կապոցը ձեռքին նայում էր նրան։

- Խազեինս կոտր կընկնի, լավ չի՛,- բարձրաձայն ասաց Արզումանը։ Տանուտերն ու Մկրտումն իրար երեսի նայեցին։ 30 Պամոշնիկը նրան ինչ-որ բան ասաց։

- Դե լա՜վ, բարիշեցե՜ք... Բա էսօր էլ մարդ իրարից խռով մնա՜,- կանչեց տանուտերը։ Մկրտումը մի քայլ արեց։

- Վաշ բլագարողի, իմ առուն դրա աղբյուրից ջուր չի խմի՜․․․- ասաց Արզումանը և շրջվեց, բազմության մեջ Եգորին գտնելու։