Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խուրձերի վրա։ Եթե զինվորների շողշողուն զենքերը չլինեին, հեռվից դիտողը կկարծեր, թե քարե դարի մարդիկ են հավաքվել խարույկի շուրջը և կրակի վրա կախել մի կենդանի, որից այժմ մնում են բրածո ոսկորներ։

Գիշերը թանձրանում էր։ Խարույկի լույսը հասնում էր մինչև դիմացի անտառը։ Լուռ տները չէին նմանվում ավերակների, որովհետև ոչ նրանց պատերն էին մամռոտ, ոչ սևացած գերաններ էին երևում։ Կարծես համր տների տակ քնել էր հողի մշակների հոգնած բազմությունը, քնել էր վարուցանքից հետո ու գիշերապահների կրակն հսկում էր նրանց անվրդով 10 քունը։

Սարից քամի իջավ։ Քամին խաղում էր կրակի ալիքների հետ, մերթ կրակը պառկում էր գետնի վրա, մերթ ծուլ լինում մինչև եռոտանու գագաթը։ Ցուլը ոսկեգույն էր դառնում։ Կրակի շուրջը հավաքվածների ստվերը ձգվում էր մինչև անտառը։