Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և զովություն զգաց ճակատին դրած թաց շորից։ Երբ շորը փոխեցին, Մարչը նորից աչքերը բաց արեց, ճրագի լույսի տակ տեսավ շոֆերի դեմքը և մի ուրիշ դեմք։ Մի կին ճրագը բարձր բռնել էր, ասես գլխին էր դրել։ Նա փորձեց խոսել, բայց հազիվ կարողացավ ջուր ուզել ու աչքերը նորից փակեց։

Հովնաթան Մարչը արևահար էր եղել այն ժամանակ, երբ հուլիսյան արևի տակ, ցամաք տափարակում, որպես միրաժ, նա տեսնում էր Նոր Եթովպիո սպիտակ տները։ Շոֆերը սպասել էր մի ժամ, երկու, վերջը մոտեցել էր և նրան տեսել արևի տակ ուշաթափ ընկած10 ։

Երբ մի անգամ էլ նա աչքերը բաց արեց, մի մարդ ամանի մեջ մածուն էր խառնում ջրին, կինը կանգնել էր կողքին, ինչ-որ երեխաներ կախվել էին կնոջ փեշերից և զարմանքով նայում էին խսիրի վրա պառկած մարդու շորերին, կոշիկներին, ակնոցների ապակիներին, որոնց մեջ արտացոլում էր ճրագի լույսը։ Եվ մանուկներին այնպես էր թվում, թե մարդը կրակե աչքեր ունի։

- Ո՞ւր եմ,- հարցրեց Մարչը, և մինչ շոֆերը պատասխան կտար, նրա սնարի վերև տնկվեց երկարհասակ մեկը և ասաց20 .

- Անհոգ եղեք։ Հաջի Խարաբ գյուղն է կամ հին հայոց Բագնարանը։

- Հին հայո՞ց... Հրամանքնիդ ո՞վ եք։

- Անթանոսյան Հմայակ, գյուղի վարժապետը։ Ես էլ օտարական եմ, այս հեռու գյուղում եմ աշխատում։

Եվ Անթանոսյանը շատ կցկտուր պատմեց իր կյանքն ու գլխով անցածը, ամեն ինչ համեմելով այնպիսի բառերով, որոնց քաջ ծանոթ են հին գրաբար գիտցողները։ Շոֆերին այնպես էր թվում, թե մարդը պոչ ունի և խոսելիս պոչը գետնովն է տալիս։

Տանտերը առաջարկեց հիվանդին կտուրի վրա տեղավորել30 ։

- Վերև քամի կլինի, լավ կքնեք։ Համ էլ կարիճից, մժեղից երկյուղ չի լինի։

Մարչին վերև տարան։ Սանդուղքով բարձրանալիս նա թեթև գլխապտույտ զգաց ու հենվեց Անթանոսյանի թևին։