Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/255

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճանաչեց Եթիմ Մանգասարի ձին։ Բայց Ղուրդի Իսոն չլսեց նրա վկայությունը և գլխին նորից խփելով ասաց.

- Այ հուշ եմ ասել հա՜... Մեր րեխան երեկ իրա բերանով ասաց՝ պապի, գեղը մարդ ա գալու։ Էս ա որ կա... Հմի, որ գլխի եմ,- ասաց և փայտին հենվելով վեր կացավ։

- էդ ա, քո ասածն ա լինելու...

- Իմ ասածը ո՞րն ա, որ հենց էդ ա...- և Ղուրդի Իսոն պատի հետևն անցավ, կարճ ճանապարհով, այսինքն կտուրների վրայով հասնելու տունը, որպեսզի կտրի գլխից կանչի մոտակա բոստանում կարտոֆիլը փորող Ավագին։

Մինչև Սիմոնն էլ վեր կենար, ձիավորը հավասարվեց նրան։ Եվ սանձը պահելով հարցրեց.

- Ո՞վ եք։

- Բարի օր, գալուստդ բարի,- և Սիմոնը ձեռքը մեկնեց։

- Ձեռք սեղմելը արգելվում է,- պատասխանեց ձիավորը,- որովհետև Լարխի մի ձողիկը զրնգաց այն ազդը, որը փակցված էր առբաժնի գրասենյակում։ Սիմոն ապերը լավ չլսեց, ավելի ճիշտ չհասկացավ, և նրա մեկնած ձեռքը իջավ ձիու քրտնած բաշին։

- Ա՞յս գյուղից եք...

- Հրամմեր ես. էս գյուղից ենք, էս էլ մեր բինագարանը։- Լեզուն փոխեց Սիմոնը, փայտը մեկնելով մոտակա խրճիթի կողմը, որի կտուրին ինչ-որ կարմիր բան էր փռած։

- Այն ի՞նչ է,- և ձիավորը զարմանքով տեսավ, որ մյուս կտուրներին էլ կան փռված։

- Էն վյուլուկ ենք ասում, էն էլ հուն ա։

- Արդյունաբերական նշանակությո՞ւնը...

- Դե էսպես ա դրա նշանակությունը, որ ձմեռը շորվա ենք եփում, վյուլուկը սխտորում ենք, ապրում է ժողովուրդը, 30 թե չէ դա ինքը մի ոչնչություն է, ոչ թե մի նշանակություն։

Սակայն այդ ժամանակ մի ուրիշ ձողիկ ազդարարեց, թե գյուղացիների հաղորդած տեղեկությունների ճշտությունը կախված է նրանց որ խավին պատկանելուց։ Եվ ձիավորը հարցրեց։

- Ո՞ր կատեգորիայից եք...

- Կատեգորիայից...- և Սիմոնը ժպտաց,- դե քո ասմունք հողը մեր կողմերը չկա... Հողը Օրթոցի հողն է, էստեղ