Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ինձ անվանում են Իգնատ Պեդեյան։

- Ընկեր Պետոյան։

- Պեդեյան։

- Հա, ասում եմ տեղներս մի քիչ անհարմար է... Հեռու տեղ է, ամեն բան չի ճարվում,- արդարացավ Ավագը։

- Ուրեմն օբյեկտիվ պատճա՞ռ,- և տեղը շտկվեց։

Չարխը ֆռռաց, և մի ձողիկ զրնգաց. «անհուսալի հիմար է նա, ով ընդունում է օբյեկտիվ պատճառ»։

- Պատճառը նա է, որ սարի գլուխ է,- բացատրեց Ավագը։

10 Տիրեց լռություն։ Ղուրդի Իսոն, որ միամիտ խորամանկությամբ ամեն կերպ աշխատում էր սիրաշահել հյուրին, համոզված էր, որ դրանից օգուտ կստանա իր թոռը՝ Ավագը, իր մոտիկ բարեկամները, որոնցից մի քանիսը արդեն ներս էին եկել և ողջունելուց հետո պատի տակ նստոտել։ Ղուրդի Իսոն խոսքը դարձրեց Օրթոցի կողմը, գանգատվեց, որ Օրթոցի կոոպերատիվն ամեն ինչ ստանում է, իսկ իրենց բաժին չի հանում, որ այնտեղ «հակահոգի» մարդ շատ կա, իսկ իրենց գյուղում ամենքը «ասսու գառներ» են՝ անհովիվ, անլեզու, և որ իրենք շատ ուրախ են, որ կառավարությունը Բովերը չի մոռացել և ուղարկել է «քեզ պես» մարդու։

20 - Նեղություն էլ կտեսնես, աղքատություն էլ․․․ Արդար աչքով նայի մեր ապրուստին, ևս գյուղի բոլոր հանգամանքներին և եղիր դու մեզ բարի դատավոր։

Սիրտ առնելով իր բարեկամների խրախուսանքի խոսքերից, Ղուրդի Իսոն իր ողջույնը վերջացրեց առակով։

- Չոբան կա, որ ոչխարը հետևից գնում է, թեկուզ ծովն էլ թափի։ Չոբան էլ կա, որ աղ էլ տա, ոչխարը չի մոտենում, որովհետև իծի պոզին խփել է... Ավագ, քեզ էլ եմ ասում...

- Է, պապի, ասել եմ էդ հին խոսքերը թող,- և Ավագը զայրացած նայեց պապի երեսին։ Վերջինս, որ արդեն ոգևորվել 30 էր և ուզում էր «երկու վագրի և Շահ Հյուսեյինի» առակն էլ ասի, սրտնեղեց և գնաց մութ անկյունը, որտեղ կանայք ընթրիքի պատրաստություն էին տեսնում։

Ամբողջ այս միջադեպի ընթացքում Իգնատ Պեդեյանը ոչ մի ձայն չարձակեց։ Նա պայուսակից հանել էր ընդարձակ հարցացուցակը, ինչ-որ անկետաներ, մի գրքույկ, որի