Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Զանգերը զարկեցին։ Սառը քարերի վրա չոքած պառավ կանայք օրորվեցին, արտի մեջ տնկած խրտվիլակների նման, երբ թեթև քամի է ելնում։

- Դձի՛ն-բոմ-բոմ, դձի՛ն-բոմ֊բոմ․․․

- Եվ երկիր և երկին անցցեն, բայց բանք իմ մի անցանիցեն․..

Արիստակես եպիսկոպոսի ձայնը բեմի վրայից աղոթողներին ազդարարում էր գալիք կյանքի մասին, և ոչ ոք չէր զգում բորբոսնած այն ձանձրույթը, որ կար պատերի վրա, մոմավաճառ 10 տեր Լուսիկի դեմքին, Գաբրիել հրեշտակապետի աչքերում, թեկուզ այդ աչքերը սարսափ էլ ծնեցրել են միամիտ պառավների հոգում։

Հովնաթան Մարչի մտքերը հեռո՜ւ էին, շատ հեռու։ Ահա մանկության օրերը, ապա վանքի դպրանոցը շատ հեռու մի քաղաքում, ուր բարձր մայրիներ կան, չնաշխարհիկ պուրակներ։ Հայրը՝ բարեպաշտ լուսավորչական, անվանի Սերոբ աղան, գորգագործարանի տեր։ Ու միշտ հայրը կասեր․

- Ձգե՛ յավրիս, այդ քու գործը չէ։

Այդպես էր ասում հայրը որդուն, երբ վերջինս հարևան 20 տղաներից խումբ կազմած, պարսատիկներով ալ կեռ փայտերով զինված, դպրոցից գալիս հոռոմ ու տաճիկ տղաների հետ կռվի էր բռնվում։ 0՜, հերոսական մանկություն, որ կնիքդ դրիր Հովնաթան Մարչի հետագա տարիների վրա և նրան դարձրիր որոտման որդի:

Մի անգամ էլ թշնամին հարձակվեց և հայրական տան ապակիները փշրեց։ Այդ գիշեր, ծեծի ու լացի անմոռաց գիշեր․ պահվել էր սնդուկների հետև, մայրը որպես պահապան հրեշտակ պտտվում էր սենյակում, մինչև հայրը տուն գար և իմացներ։ Հետո ծեծ, քաշկռտուք, թուք ու մուր և մառանը, չոր մրգերով 30 լեցրած մառանը, որպես աքսորավայր։

Ապա Պոլիս, ազգային վարժարան, ճառեր, ցույցեր․․․ երազներ, մոտ, շա՜տ մոտ: Հարկավոր էր միայն ցանկանալ, ուժեղ ցանկանալ, ոչինչ չանել, նստել սրճարանում, ծխի թանձր քուլաներ արձակել, բերանը ողողել դառնահամ սուրճով, ծամել սուրճը, մինչև նյարդերը սրվեն և ձգված նյարդերը պատկերացնեն երազը։