Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հովիվների խարույկը լեռան վրա։ Այդ մի անմարմին կարոտ էր՝ նման այն գոլորշուն, որ գարնանը բարձրանում էր ճահճուտներից, անտառներից և էմբախի ջրերից։ Այդ մի ձայն էր, որ նրա ականջի տակ հնչում էր երբեմն մանուկ օրերի երգը, երբեմն պարզ լսում էր մոր ձայնը՝ «Խաչե՜ր, Խաչե՜ր..․»։ Եվ հանկարծ ետ էր նայում, բայց նանին չէր երևում, այլ երևում էր պարտիզպանը, սանդուղքը շալակին կամ փողոցով անցնում էր մի ֆրաու, որ կովի ճապաղ հայացքով նայում էր Արմենիերին։

10 Երբեմն ձայնը չէր լսվում, այլ նայում էր դիմացի պատին և չէր տեսնում պատը, այլ տեսնում էր սպիտակ բարդիներ, նրանց խորքում Եսիր Եսայու ջրաղացը՝ դռնակը բաց և մուտքի մոտ ջրաղացպանի ծխացող օջախը։ Կամ բացվում էր մի բարակ ճանապարհ, որ բաղերի արանքով իջնում էր ձորը՝ դեպի Գոչգոչան... Ահա այն ընկուզենին, որից հետո կգա Նովավոր աղբյուրը, որի ջուրն այնպես տխուր խոխոջում է աշնանը, երբ այլևս մարդ չկա բաղերում, հնձանները դատարկ են, և ծտերը կտցահարում են կարմրած մասուրը, նաև մի դեղին դդում, որ մոռացել են քաղել։ Ձորով իջնում է քամին, և խշշում են 20 ընկուզենիները՝ թափելով խնկաբույր տերև, և ամբողջ ձորում կռնչում է միայն մի ագռավ, մի ծերացած ագռավ, որ տեսել է բուք և բորան և ցուրտ ձմեռ, երբ սառչում է Նովավոր աղբյուրը և այլևս չի երգում Զանգուն։

Երբ միտն էր գալիս Նովավոր աղբյուրը, ծարավում էր․ ականջի տակ աղբյուրի ձայնն էր, նրա զով վշշոցը, աչքերի առաջ թափվում էր կապույտ ջուրը, որ գըլգըլ գալիս էր ոսկեկանաչ մամուռների միջով։ Ա՜խ, եթե միայն մի անգամ ձեռքերը բուռ աներ և կռանար այդ հստակ ջրի վրա, խմե՜ր, խմեր կում-կում՝ ականջի տակ ջրի ձայնը, ընկուզենիների 30 խշշոցը, Գոչգոչանի շառաչը...

Զարթնում էր այդ կարոտը, և նա փորձում էր ետ վանել, դասը սերտում էր բարձրաձայն կամ գնում էր Պարրոտի տունը կամ դուրս էր գալիս աննպատակ շրջելու փողոցներում, գնում էր շուկայի հրապարակը, որտեղ առավոտից մինչև երեկո նպարավաճառների և արհեստավորների մի ահագին բազմություն կրպակների առաջ կամ բացօթյա առնում կամ