Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նա թաքնվում էր մի խորշում, և արահետներով պատահաբար անցնող մարդիկ լսում էին անծանոթ նվագի հնչյուններ, որ ելնում էին Արմենիերի հայկական սրինգից։

Հայրենաբաղձությունը նրան մղում էր պատմել հայրենիքի մասին։ Եվ նա պատմում էր Պարրոտին, ավելի հաճախ նրա կնոջը, պատմում էր տիկին էլոիզ Աուսլենդերին, նույնիսկ երեխաներին էր պատմում։ Երբեմն պատմում էր իր տանտիրուհուն և նրա հարևանուհիներին, որոնք մի գործով գալիս էին նրանց տուն և, լսելով այդ անծանոթ պատմությունները 10 հրաշալի Արևելքի մասին, մոռանում էին, որ սուրճը թողել են կրակի վրա։

Իսկ Արմենիերը զարմանալի պատմող էր։ Ժամանակը և հեռավորությունը նրան մոռացնել էին տվել այդ եղելությունների սովորականը և ամեն ինչ դարձրել էին արտասովոր և առասպելական։ Հենց իրեն Արմենիերին այդ պատմությունները երբեմն թվում էին առասպել, որ կարդացել է հին գրքերում։ Մի՞թե գրքից չէր պատմությունն այն գերի աղջկա, որ սարդարի հարեմից իրեն նետում է կամուրջի վրա, երբ հարեմի պատուհանից տեսնում է իր սիրած տղային, որ հուսահատ 20 ետ էր վերադառնում։ Եվ կամ մի՞թե առասպելանման չի այն, որ իր հայրենիքում կանայք չարսավով են, աղջիկներին հարս են տանում, երբ նրանք դեռ անմեղ երեխա են, և չխոսկան հարսը սկեսուրի հետ խոսում է մատնեքով, աչքերով։ Ապա այն պատիժները, որ կային նրա հայրենիքում, ապա Մոսին, որին դաշտից փախցրել էին՝ լեզգիները, ֆառաշները, թե՞ վաչկատուն թարաքյամաները, երբ գյուղի երեխաները գնացել էին Մուրադ Թափայի բլուրը՝ սինձի։

Հաճախ նա համեմատում էր այն հին երկիրը և նրա բարքերն իր նոր հայրենիքի հետ։ Ահա լալիս է մի փոքրիկ երեխա, 30 բայց մայրը նրան չի ծեծում, այլ ուրախացնելով լացը կտրում է. «յայս հայեցեալ, իսկույն թռեան միտք իմ առ վիճակ մերոց երեխայից, թէ զիա՞րդ ծնողք աշխարհին մերոյ անհոգ կան վասն զաւակաց իւրեանց և զիա՞րդ երեխայք աշխարհին մերոյ առանց ինչ մխիթարութեան զարգանան, որով վասն արտասուալից աչօք, պղտորեալ սրտիւ սկսայ հոգ հանել.․.»։