Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա ձեռք է բերել Ռոբերտ Քեր Պորտերի ուղեգրությունը և շտապում է իր բարեկամին ցույց տալու գիրքը և գրքի նկարները՝ Երևանի բերդը և Արարատը, պարսիկ սարդարներին և հարեմի մանկամարդ պարսկուհուն, որ զուգված կանգնել է՝ ձեռքին Գյուլիստանի վարդը. ասես հարցնում է, ո՞վ է գեղեցիկ՝ ինքը, թե վարդը։ Եվ նորից խոսք է բացվում հեռավոր Իրանի և Արմենիայի մասին, և նրա բարեկամը, նաև նրա դուստրերը հավանում են Ֆաթալի շահի նկարը, նրա հանդերձը և նույնիսկ շահի հռչակավոր միրուքն են հավանում, բայց չեն հավանում պարսիկ կնոջ հանդերձները և «ծածկելն նոցա 10 զերեսս ամենքին անհաճոյ երեվին. և յիրաւի անհաճոյ»։

Նրա հիշողության մեջ հետզհետե պայծառանում էր այն, որ քաղցր էր և սիրելի, մայրը, Միրզամը և քույրերը, փոքրիկ եղբայրը, նույնիսկ, իրենց Բողարը, որի հետ խաղացել էր մանկության տարիներին։ Իչքա՜ն մանր և աննշան հիշողություններ էին զարթնում. պռունկը կոտրած պղնձե ջամը նայում էր նրան երկար, շատ երկա՜ր և ինչպես հին ծանոթ նրան ասում էր․ «դու ինձ չես մոռանա, Խաչեր, ինձ երբեք չես մոռանա․․․»։ Այն կողմից զրնգում էր կարասը, որ ընկած էր էյվանի տակ, «ապա ի՞նձ․․․ հիշո՞ւմ ես՝ գլուխդ կռացնում էիր 20 ներս և կանչում՝ դոն-դոն, իսկ ես միշտ արձագանքում էի քո ձայնին՝ դո՜ն․․․ դո՜ն․․․ դո՜ն․․.»։ Այսպես խոսում էին բակի քարերը, աղաքարը՝ որի վրա հայրը աղ էր ցանում, և տավարը լիզում էր աղը, հետո եզները քարն էին լիզում իրենց փշոտ լեզուներով՝ խըշշ-խըշշ, կարծես գերանդիով հնձում են չորացած խոտը։ Երգում էին դռներն ու դռնակները, ամենքն իրենց հանգով․ հացատան դռնակը՝ բարակ ու մեղմ, տան դուռը՝ ինչպես պառավ շուն՝ խռպոտ ու բամբ, իսկ ձմեռը, երբ դռան հետևից կախում էին թաղիք, տան դուռը խլանում էր։ Բայց ամենից զիլ երգում էին դրսի դռները, որոնց սռնին որձաքարի 30 մեջ էր․ դռներն իրար էին գալիս, աջը միայն դամ էր պահում, իսկ ձախը զլում էր պարկապկուն, մինչև դռներն իրար գային և այն ժամանակ երկուսը միասին՝ դոմբ հա դոմբ խփում էին Աթա Թևանի թմբուկը։

նրա հիշողության մեջ հետզհետե պայծառանում էր այն, և դառնը մոռացվում էր և մնում, որ քաղցր էր և սիրելի՝