Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Պատարագը վերջացավ,- ձայն տվեց Անթանոսյանը։

Հովնաթան Մարչը ցնցվեց։ Կաղլիկ լուսարարը, փայտը գետնին դեմ տալով, մեկ-մեկ հանգցնում էր մոմերը, բաց գրքերը ծալում։ Տեր Հուսիկը պղնձե գրամն էր հաշվում։ Եկեղեցում ուրիշ ոչ ոք չկար։

Մարչը մոտեցավ տեր Հուսիկից դեղին մոմեր գնելու, մայր աթոռի մոմեր։

- Հավատացյալ հայրենակից մը ունիմ Բուենոս Այրես։ Անոր բաղձանքն է, երբ վախճանը մոտիկնա, սնարի վերև մայր աթոռի մոմ վառել,— ասաց Մարչը մանրիկ արծաթներ 10 գլորելով մոմավաճառի առաջ։

- Աստված թողություն շնորհեսցե,- պատասխանեց մշեցի քահանան ու կռացավ գետնին ընկած արծաթը վերցնելու։

Եվ հանկարծ մի միտք, որպես կայծակ, փայլատակեց Հովնաթան Մարչի գլխում։ Ահա նա, արծվաքիթ, տիպար քահանան, որի միրուքի մազերի արանքում հացի փշրանք ու պանրի կտորներ կային, կատարյալ քահանա, այն երկրից, հասկանո՞ւմ եք այն մեռած երկրից, ուր կար Մշո Սուլթան սուրբ Կարապետ և մեղրագետեր և որի անունը էլեկտրական հոսանք էր նրա նյարդերի համար։ Ահա նա, հայրենի երկրի 20 սխտորահոտը կարկատած ֆարաջայի փեշերին, ճակատի կնճիռները որպես անընթեռնելի հիերոգլիֆ։

Տեր Հուսիկը միրուքն առավ ոսկրոտ մատների մեջ և ներքին հրճվանքից այնպես տրորեց միրուքը, ասես հիմա պիտի պոկեր, որպես սոսինձով փակցրած գրիմ։ Սակայն ոչինչ չեղավ արտառոց։ Հուլիսյան այդ օրը, Հենց մայր տաճարի կամարների տակ, բոլոր հրեշտակների ու առաքյալների ներկայությամբ, մշեցի տեր Հուսիկ քահանան նշանակվեց Նոր Եթովպիո ծխատեր։

Ինչո՞ւ, ինչու լաց եղավ Գաբրիել հրեշտակապետը, և ձեռքի 30 կշեռքը դողաց թեթև, շա՜տ թեթև...

Մինչև ճաշ բավական ժամանակ կար։

- Հայրենի հուշարձանները տեսնելու երթանք,- ձայնեց Մարչը։ Անթանոսյանը հետևեց նրան որպես և՛ թիկնապահ, և՛ զրուցընկեր։ Անթանոսյանից քիչ հեռու քայլում էր տեր Հուսիկ քահանան։