Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այդպիսի շքախմբով Հովնաթան Մարչը վանքի դռան գերեզմանաքարերը դիտելուց հետո, տեր Հուսիկի առաջարկությամբ, գնաց Գայանեի վանքը։

- Օտարը պարծանք կսեպե մեր վանքի պատի տակ թաղվիլ, իսկ մենք չենք հարգեր նախնյաց հիշատակը,- ասաց Մարչը, որից հետո տեր Հուսիկն ավելացնելու ոչինչ չունենալով, ա՜խ քաշեց, հասկացնելու համար, թե Մարչն իր սրտից խոսեց։

Ամայի էր ճանապարհն էլ, վանքի շրջապատն էլ։ Եվ երբ 10 դռնով ներս մտավ, վանքի բակում մի շուն հաչեց նրանց վրա, այնպես անտարբեր, ասես շնական իր լեզվով ասում էր.

- Միևնույն է, էլ հաչելու չեմ, եթե դուք վանքն եք ուզում տեսնել, որովհետև այնտեղ ինձ պահ տված ոչինչ չկա։

Բայց այդ չէր, կարևորը, և դրանից չէր, որ Մարչը ցնցվեց։ Մեկը թրի ծայրով եթե նրա սիրտը ծակեր և դրանով էլ չբավականանալով, սիրտը տեղահան աներ, Մարչն այդպիսի ցնցում չպիտի աներ։ Սրբապղծություն չէ՞ հնադարյան վանքի բակում շուն կապել, բուրդը գզգզված քոսոտ շուն, լեզուն շոգից կես արշին կախ և այդ այն ժամանակ, երբ նրա մտքի առաջ Գայանե 20 կույսն էր, մազերը թիկունքին կախված, երկար զգեստով և հողե հնձանը, ուր կույսերն ուլունքներ էին պատրաստում և պահվում Տրդատ թագավորի անսանձ կրքերից։

- Ո՞ւր կերթաք,- ձայնեց մի կին, որ շան հաչոցին տնից դուրս էր եկել ու, ձեռքով երեսն արևից պահելով, նայում էր նրանց։

- Վանքի դուռը բա՞ց է, քույրս,- հարցրեց Անթանոսյանը:

- Ապա ի՞նչ,- ասաց կինը և ներս մտնելուց առաջ կանչեց.

30 - Հորթը չթողնեք, որ դուրս ելնի։

Սակայն երեքից և ոչ մեկը չլսեց կնոջ կանչը։ Այդ ժամանակ տեր Հուսիկը Հովնաթան Մարչին ինչ-որ պատմություն էր անում, ավելի ճիշտ հնարում, իսկ Հովնաթան Մարչը մերթ գլուխն էր օրորում, մերթ ակնոցների արանքից նայում տեր Հուսիկին, ասես ուզում էր ստուգել, թե որքան հաջող է Նոր Եթովպիո ծխատեր քահանայի ընտրությունը։