Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Տիկին Աշինգեր, միայն ձեզ եմ ասում,- և Մատիլդան շշնջաց նրա ականջին,- իմ տիրուհին ասեղնագործում է տղամարդու այնպիսի կրծկալ, որ ամբողջ քաղաքում ոչ ոք չունի։ Սև թավիշ է, վրան ոսկեթելերով և մարգարիտներով այնպիսի շուշաններ, որ կարծես նոր են քաղել։ Իսկ վզի վրա՝ վարդերի ժանյակը և երկու թիթեռ․ մեկն սպիտակ, մյուսը՝ դեռ չի սկսել, այլ միայն նշան է արել...

- Ա՜յ-ա՜յ-ա՜յ,- և այրի Աշինգերը հիացմունքից փափուկ ձեռքը խփեց իր այտին և այդպես էլ պահեց ձեռքը։- 10 Եվ ո՞ւմ համար է գործում։

- Ես այնպես եմ միտք անում, որ պարոն պրոֆեսորի համար չի գործում, քանի որ գույները և նախշերը երիտասարդի են։

- Ուրեմն... Ա՜ յ-ա՜յ-ա՜ յ․․․

- Միայն խնդրում եմ, տիկին Աշինգեր, ոչ ոքի․․․ Որովհետև դեռ չի վերջացրել և կարելի է, որ ուզում է անսպասելի նվիրել...

Տիկին Աշինգերը ոչինչ չպատասխանեց, այլ ճապաղած աչքերով նայեց Մատիլդային, ձեռքն այտի վրա... Նա խոր 20 միտք էր անում, թե առաջ որի՞ն պատմի՝ կողովագործի կնո՞ջը, որ ապրում էր նրա տան ներքնահարկում, թե՞ հարևան վարսավիրի կնոջը։ Եվ որոշեց, որ ավելի լավ է սկսել մահուդավաճառի կնոջից, քանի որ նա տիկին Աշինգերի տզրուկներն ավելի զորավոր է համարում վարսավիրի տզրուկներից։

- Իսկ շուտո՞վ պետք է նվիրի,– սթափվեց պոստմեյստերի այրին։

- Չեմ կարող ասել։ Այս առավոտ իմ տանտիրուհին թեև գունատ էր, բայց երբ պարոն պրոֆեսորը գնաց, վերցրեց թավիշը և սկսեց ասեղնագործել։ Առաջ նա ճաշից հետո էր գործում, 30 երբ քնում էր պարոն Գերմանը, իսկ այսօր առավոտյան կանուխ սկսեց․․․

- Ուրեմն շտապում է։

- Եվ ինձ ասաց, որ ծնկները փաթաթեմ, որովհետև իրեն վատ է զգում։ Երեկ նա թեթև էր հագնվել և երևի մրսել է։

- Երեկոները դեռ ցուրտ է... Իսկ ես ինչպես եմ մրսում։