Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Ինչ անձրև է, Աստված իմ,- Մատիլդան սենյակի շեմքում կանգնեց։

Նրա դեմքը կարմրել էր։ Անձրևը քրքրել էր աղջկա մազերը և զգեստն այնպես էր փակցրել մարմնին, որ գծագրվում էին մարմնի բոլոր մասերը։ Կարծես մարմարե արձան էր, որին հագցրել էին մարմաշե զգեստ, և անձրևն ավելի էր գեղեցկացրել աղջկա մարմինը։ Տիկին էլոիզը նախանձով նայեց այդ պարզ և երիտասարդ գեղեցկության։

Արմենիերին նկատելով՝ Մատիլդան շփոթվեց.

10 - Իսկ ես կարծեցի, թե դուռը պարոն պրոֆեսորը բաց արեց... Բարի երեկո։ Ինչպիսի՜ անձրև է...

- Մատիլդա, գնա և շորերդ փոխի...:

Աղջկա մուտքի հետ կարծես ընկավ մի ինչ-որ շղարշ, և ամեն ինչ մերկացավ։ Արմենիերը նայեց տիկին էլոիզին։ Նրա աչքին նիհար և գունատ երևաց տիկին էլոիզը։ Առաջին անգամ նա նկատեց նրա երկար մատները։ Նրանք չոր էին և ոսկրոտ։ Ինչո՞ւ է նա այդպես գլուխը թեքել և ձեռները հուսահատ դրել է ծնկների վրա։

- Իսկ ինչպե՞ս պիտի գա պարոն պրոֆեսորը,- խոհանոցից 20 ասաց Մատիլդան և երևաց քաթանե զգեստով, որի մեջ նա նման էր գյուղական աղջկա։

Արմենիերը ամոթ զգաց։ Նրա արևելցու գիտակցության մեջ պատահածը հանկարծ թվաց նամարդ գործ։ Դիմացը կանգնեց բարի պրոֆեսորը, որ ահա ով գիտե ինչ դժվարությամբ խավար փողոցներով տուն է գալիս և թրջվում է շտապելով, որ հարցնի նրա դասը։ Իսկ ինքը... Արմենիերը նայեց Մատիլդային, և կարծես աղջիկը ևս հանդիմանում էր նրան.

- Լավ չէ, պարոն Արմենիեր... Ձեզ այնքան է սիրում պարոն պրոֆեսորը, նաև իմ տիրուհին է սիրում, բայց դուք... Ահա 30 վշտացրել եք իմ տիրուհուն, և նա լուռ է. կգա պարոն պրոֆեսորը և նա էլ շատ կվշտանա, որովհետև նա շատ է սիրում տիկին էլոիզին, շատ է սիրում, բայց դուք...

Հետզհետե այդ գիտակցությունը սաստկացավ։ Նա նույնիսկ վախ զգաց, ինչպես միամիտ տղան, որ խաղ է արել և խաղի ժամանակ փշրել է մի թանկագին սկահ և խաղով