Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարձրերում կանչում էր արտույտի նման։ Երիտասարդ դպիրը ճանաչեց այն աչքերը, որ մի անգամ ամոթխած խոնարհվել էին։

Երբեմն միտն էր գալիս այդ լոռեցի աղջիկը, ինչպես մանկության ցնորք։ Նրա հետ զարթնում էին Լոռվա սարերը՝ գագաթներն ամպերի մեջ, լանջերին մթին ծմակներ... Ապա ծառերը խշշում էին, և գալիս էր այն կինը, որի մարմինը թպրտաց նրա գրկի մեջ, գալարվեց ինչպես կրակը, որ վաղուց է բռնկվել տան ներսը, հետզհետե լափել է մերձակա իրերը, ապա չարագուշակ բոցերով լուսավառել է խավար պատուհանները, 10 մոլեգնած խփել է առաստաղին և ինչպես հրեղեն սյուն ահա այրվում է խավարի մեջ...

Գարնան արևը բորբոքել էր նրա արյունը, և արյունն անզուսպ եռում էր, ինչպես կյանքը տաքացած հողի մեջ։ Ժրաջան մրջյունները դես ու դեն վազվզելով կրում էին ծղոտներ և սերմեր, որ մնացել էին հողի երեսին։ Կարմիր զատիկները շղթայվել էին ձու դնելու մոլուցքով։ Ոսկեփորիկ իշամեղուն երբեմն կնճիթը թաթախում էր քաղցր խեժի մեջ և խեժի բույրով արբած թռչում էր՝ լողանալու արևի շողերով։ Ծառերի մթին խորքում սուր ձայնով կտկտացնում էր կտցարը։

20 Այնտեղ հիմա վար են անում, հարաքաշ են իրենք, Միրզամը, Ղլիճ Ղազարի խալխը։ Ամբոլին լծել են իրենց Ջեյրան եզը և Ղլիճ Ղազարենց Ծիրանը։ Մալաղոնդի Ղևոնդը չուխան մեջքին քլավանդ արած բռնվել է վեսկու պոզերից, իսկ հայրը հորովել է ասում, և նրա ձայնից թնդում են Քանաքեռի քարափները։ Ագռավները ծանր-ծանր գնում են ակոսների հետ և կտցում են արևերես ընկնող ճիճուներին։ Նոր ակոսներից տաք գոլորշի է բարձրանում։ Նանին աղլուխի մեջ հաց է կապել և ասում է. «Խաչեր, սիրտս հանդի հաց ուզեց... Ղադեդ առնի նանին, մի էս հացը տար հանդին նշանց տուր, 30 բեր: Հրեն զագարակի արտերը վարում են... Տար, բալա ջան»: Հացն առնում էր և չէր գնում զագարակի արտերը, այլ գնում էր Ապրանքափոսի բաղը՝ պարսատիկով քար գցելու կաչաղակի բներին կամ քչքչան առվի վրա ջաղաց շինելու...

Իսկ ինչ կասեն վանքում, եթե իմանան այդ պատմությունը, եթե Խաչատուր դպիրին տեսնեին տիկին էլոիզի հետ... Նա հեգնոտ ժպտաց։ Եվ աչքին պատկերացան խցերը, վանքի